Գլխավոր դատախազն ու Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախագահը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալի Ալթինբաևի գլխավորած պատվիրակությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը՝ նշելով, որ ղազախական պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական՝ 10-րդ նիստին:
Նշվում է, որ Աննա Վարդապետյանը ողջունել է Ղազախստանի գործընկերոջը ՀՀ գլխավոր դատախազությունում, շնորհակալություն է հայտնել նիստին մասնակցելու համար և ընդգծել Ղազախստանի գործընկերների հետ համագործակցության բարձր մակարդակը:
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից Խորհրդի նախագահությունը ստանձնելը արդյունավետ համագործակցության ևս մեկ հնարավորություն է՝ կոռուպցիայի դեմ համատեղ ջանքերով պայքարելու համատեքստում»,- նշել է Աննա Վարդապետյանը:
Դատախազության փոխանցմամբ՝ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հյուրընկալության և Խորհրդի հոբելյանական նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: