Իրավունք

Գլխավոր դատախազը կարևորեց միջազգային համագործակցությունը հանցավոր սխեմաների բացահայտման գործում

2 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազը կարևորեց միջազգային համագործակցությունը հանցավոր սխեմաների բացահայտման գործում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Երևանում ընթացող ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում անդրադարձավ կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով ստացված ապօրինի եկամուտների օրինականացման (փողերի լվացման) գործերին՝ ընդգծելով արդյունավետ ֆինանսական քննության վճռորոշ դերը։ 

«Վերջին տարիներին փողերի լվացման՝ անդրազգային բնույթ կրող երևույթի ծավալները մեծացել են․ ապօրինի ակտիվների օրինականացման, այդ թվում՝ արտերկիր դուրս բերելու դեպքերը բազմապատկվել են։ Այդ պատճառով մենք ակտիվացրել ենք կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մեր ջանքերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց գլխավոր դատախազը։ 

Վարդապետյանը հիշեցրեց, որ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից գործարկվել է վերականգնված միջոցների միասնական հաշիվը։ Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ այդ հաշվին մուտքագրվել է ավելի քան 20 միլիարդ դրամ՝ 52 միլիոն 254 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ Գլխավոր դատախազը նաև հայտնեց, որ վերջին երեք տարիների ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում կնքվել է հաշտության 9 համաձայնություն, ինչի արդյունքում պետությանը վերադարձվել է շուրջ 13.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գույք։ 

Իսկ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում նույն ժամանակահատվածում վերականգնվել է 30.6 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գույք։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում