Երևանի և Չարենցավանի դպրոցներում իրականացվել է «Արվեստ և գիտություն դպրոցներում» նախագիծը
4 րոպեի ընթերցում
Հայաստանի մի շարք դպրոցներում իրականացվել է «Արվեստ և գիտություն դպրոցներում» նախագիծը։ Վերջինս նորարարական նախաձեռնություն է՝ ուղղված միջառարկայական ցուցահանդեսների միջոցով նախագծային ուսուցումը կրթական գործընթացի մեջ ինտեգրելուն՝ համադրելով գիտությունը, արվեստը, մեդիան և տեխնոլոգիաները։ Նախագծի նպատակն է բացադայտել ապագա տաղանդների և աջակցել իրենց մասնագիտական կրթությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը, որն իրականացրել է hosq մշակութային հիմնադրամը, մեկնարկել է Երևանի և Չարենցավանի դպրոցների հետ համագործակցությամբ, որոնք հետաքրքրված էին նախագծային ուսուցման զարգացմամբ։ Մի քանի շաբաթների ընթացքում 10–16 տարեկան աշակերտները, աշխատելով իրենց իսկ դպրոցի ուսուցիչ-համադրողների և ոլորտի մասնագետների հետ, ստեղծել են հետազոտության վրա հիմնված ստեղծարար նախագծեր։ Նախաձեռնությունը եզրափակվել է երկօրյա ցուցահանդեսով, որտեղ ներկայացվել են աշակերտների կողմից ստեղծված բազմազան աշխատանքներ՝ կայքեր և խաղեր։
Փորձնական նախագիծը կարևոր արդյունքներ է արձանագրել՝ ցույց տալով նախագծային ուսուցման ձևափոխիչ ներուժը։ Աշակերտները հնարավորություն են ստացել կիրառելու իրենց դպրոցական գիտելիքներն իրական ստեղծագործական և հետազոտական նախագծերում՝ արդյունավետորեն համադրելով արվեստը, գիտությունը և տեխնոլոգիան՝ միջառարկայական մոտեցմամբ։ Միևնույն ժամանակ hosq-ին հաջողվել է բացահայտել և աջակցել տաղանդավոր պատանիներին՝ ներառելով նրանց իր ավելի լայն էկոհամակարգում՝ հետագա աճի խթանման համար։ Ամփոփիչ ցուցահանդեսը դարձել է դինամիկ հարթակ, որը միավորել է աշակերտների, ուսուցիչների, ծնողների և ստեղծագործ ոլորտի ներկայացուցիչների՝ խրախուսելով երկխոսությունն ու համագործակցությունը նոր կրթական մոդելների շուրջ։
Ցուցահանդեսի ընթացքում ստեղծագործ ոլորտի և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներից կազմված պրոֆեսիոնալ ժյուրին ընտրեց վեց լավագույն աշակերտական նախագծեր՝ կրթական դրամաշնորհներով պարգևատրելու համար։ Դրամաշնորհները կաջակցեն մասնագիտությունների ոլորտում հետագա ուսմանը՝ ապահովելով, որ նախագծի ընթացքում բացահայտված տաղանդները շարունակեն զարգանալ։
Մեդիայի, կերպարվեստի, անիմացիայի, ձայնային դիզայնի, վավերագրական կինոյի և գրաֆիկական դիզայնի ոլորտների մասնագետների անցկացրած վարպետաց դասերն աշակերտներին տվեցին գործնական փորձ և հնարավորություն՝ ծանոթանալու ստեղծագործական մասնագիտությունների բազմազանությանը։ Դրանք ոչ միայն հարստացրեցին ներկայացված նախագծերը, այլև ոգեշնչեցին մասնակիցներին պատկերացնել ապագա կարիերայի ուղիներ ստեղծագործ ոլորտներում։
«Արվեստ և գիտություն դպրոցներում» նախագծի փորձնական փուլը դրել է երկարաժամկետ կրթական ազդեցության հիմք։ Միջառարկայական մտածողության խթանմամբ, ուսուցիչ-համադրողների ցանցի ամրապնդմամբ և աշակերտների բազայի ձևավորմամբ ծրագիրը պատրաստում է նոր սերնդի սովորողների, որոնք օժտված են ստեղծագործ, քննադատական մտածողությամբ և խնդիրներ լուծելու ունակությամբ։
hosq-ը նախատեսում է նախաձեռնությունը ընդլայնել Հայաստանի այլ դպրոցներում՝ ստեղծելով միջառարկայական, նախագծային ուսուցմամբ զբաղվող ուսուցիչների և աշակերտների ազգային ցանց։
«Այս նախագիծը ապացուցում է, որ երբ աշակերտներին հնարավորություն է տրվում համադրել գիտությունը և ստեղծարար միտքը , կարող են տեղի ունենալ արտասովոր բաներ։ Ցուցահանդեսը ոչ միայն նախագծերի մասին էր, այլև՝ համագործակցության, նորարարության և դպրոցական համակարգում տաղանդների զարգացման մշակույթ կառուցելու մասին», - նշել են hosq-ի թիմից։