Իրավունք

Պաշտոնատար անձինք մեղադրվում են 4,5 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ. պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

3 րոպեի ընթերցում

Պաշտոնատար անձինք մեղադրվում են 4,5 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ. պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով, կատարել են խոշոր չափերով՝ 4.501.550 ՀՀ դրամի հափշտակություն և  պաշտոնեական կեղծիք:

«Մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում ՊՈԱԿ-ի կարիքների համար տարբեր ապրանքների և ծառայությունների ձեռք բերման նպատակով ներկայացված գնման հայտերի հիման վրա նշված ՊՈԱԿ-ից մի շարք ԱՁ-ների և ՍՊԸ-ների պարբերաբար փոխանցվել են նախատեսվածից ավել գումարներ, որոնք վերջիններիս կողմից կանխիկացվել  և փոխանցվել են վերը նշված պաշտոնատար անձանց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ մի շարք դեպքերում որոշ ապրանքներ ընդհանրապես չեն առաքվել և գնման հայտերով նախատեսված ծառայությունները չեն մատուցվել, սակայն նշված պաշտոնատար անձինք կատարման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրությունների մեջ մտցրել են տվյալ ծառայությունը մատուցված լինելու կամ ապրանքը առաքված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ:

Վերը նշված հանցավոր արարքների համար երկու պաշտոնատար անձանցից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ մյուսին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով:  Վերջիններիս նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը:

Պետությանը պատճառված 4.501.550 ՀՀ դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: 

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում