Մարզեր

Վարդենիսում անցկացվել են «Եվրոպական ժառանգության օրեր» խորագրով միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

Վարդենիսում անցկացվել են «Եվրոպական ժառանգության օրեր» խորագրով միջոցառումներ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կազմակերպվել և անցկացվել են «Եվրոպական ժառանգության օրեր» խորագիրը կրող միջոցառումներ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանից, «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում Վարդենիսի քաղաքային գրադարանում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված համաշխարհային ճանաչում ունեցող շանսոնյե, երգիչ, կոմպոզիտոր Շառլ Ազնավուրի հիշատակին։

Միջոցառման նպատակն էր՝ արժևորել և հանրայնացնել ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական մշակութային ժառանգությունը՝ շեշտադրելով Ազնավուրի ներդրումը համաշխարհային երաժշտական ու մարդասիրական ասպարեզում։

Գրադարանում կազմակերպվել էր թեմատիկ ցուցադրություն՝  Ազնավուրի մասին վավերագրական նյութերի, լուսանկարների և երաժշտական կատարումների տեսքով։ Հնչել են  շանսոնյեի հանրահայտ ստեղծագործությունները՝ ստեղծելով հուզիչ ու ոգեշնչող մթնոլորտ։

Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում կազմակերպվել էր «Եվրոպական ժառանգության օրեր» խորագրով միջոցառում, որի ընթացքում ցուցադրվել են  նաև Վարդենիսի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի շնորհալի սաների կտավները։ 

Միջոցառման ընթացքում ներկաները վայելել են գեղեցիկ երաժշտական կատարումներ, ինչպես նաև դիտել  տեսասահիկ, որը նվիրված էր Վարդենիս համայնքի մշակութային ժառանգությանը։

Միջոցառմանը ներկա  են եղել  Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ, ավագանու անդամեր, ուսանողներ և արվեստասեր քաղաքացիներ։

«Միջոցառման նպատակն էր արժևորել Վարդենիս համայնքի մշակութային անցյալն ու ներկան՝ ընդգծելով մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման և փոխանցման կարևորությունն ապագա սերունդներին։ Այսպիսի նախաձեռնություններն ունեն անգնահատելի նշանակություն ազգային ինքնության ձևավորման և մշակութային արժեքների հանրայնացման գործում»,-նշում են Վարդենիսի համայնքապետարանից։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում