Մարզեր

Լիճքի միջնակարգ դպրոցում անցկացվել է «Մայրենի 5» դասագրքին նվիրված մշտադիտարկում և վարպետաց դաս

3 րոպեի ընթերցում

Լիճքի միջնակարգ դպրոցում անցկացվել է «Մայրենի 5» դասագրքին նվիրված մշտադիտարկում և վարպետաց դաս

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի  Լիճք գյուղի միջնակարգ դպրոցում իրենց հերթական մշտադիտարկումներն են անցկացրել  «Մայրենի 5» դասագրքի հեղինակները՝ մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը և «Էդիթ Պրինտ» հրատարակչության կրթական ծրագրերի գլխավոր մասնագետ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրայի դասախոս Թամարա Թովմասյանը։ 

Հրավերը նախաձեռնվել է Լիճքի միջնակարգ  դպրոցի տնօրեն Անահիտ Ավագյանի կողմից։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Թամարա Թովմասյանը նկատեց, որ հանդիպումը ստացվել է ընդգրկուն և բազմաշերտ։ Դասագրքի հեղինակները վարպետաց դաս են վարել  5-րդ  դասարանի սովորողների համար, ապա հանդիպել նաև 12-րդ դասարանցիների հետ՝ մասնագիտական կողմնորոշման շրջանակում։ 

Օրվա ավարտին կազմակերպվել է  մասնագիտական քննարկում հայոց լեզու և գրականություն դասավանդող ուսուցիչների հետ՝ փորձի փոխանակման և նոր մոտեցումների ներկայացման նպատակով։ Մանրամասնորեն մեկնաբանություն է  տրվել 10-րդ դասարանի «Հայ գրականության» դասավանդման առանձնահատկությունների մասին։ Հանդիպման ընթացքում ուսուցիչներին տրվել են  մեթոդական ցուցումներ՝ նոր հանրակրթական պետական չափորոշիչներով  դասավանդման առանձնահատկությունների վերաբերյալ։

«Դպրոցի ուսուցչուհի Լիանա Կարապետյանը և ուսուցչի օգնական Մարի Սարգսյանը հանդիպման շրջանակում կազմակերպել էին  հետաքրքիր բեմականացում, որն  առանձնացավ   աշակերտների մտավոր և ստեղծագործական կարողությունների ակտիվ դրսևորումներով, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց ինչպես հյուրերի, այնպես էլ մասնակիցների շրջանում։ Հանդիպման մասնակիցները շեշտեցին, որ դասագիրքը դարձել է աշակերտների սիրելի գործընկերն ու բարեկամը, իսկ նման նախաձեռնությունները կարևոր են թե՛ սովորողների , թե՛ ուսուցիչների մասնագիտական առաջընթացի համար»,-նշեց Թամարա Թովմասյանը։

Դպրոցի տնօրեն Անահիտ Ավագյանի խոսքով՝ այսօրինակ միջոցառումները ոչ միայն ակտիվացնում են աշակերտների մասնագիտական հետաքրքրություններն, այլև նպաստում են ուսուցիչների մասնագիտական զարգացմանը։ 

«Դրանք կամուրջ են ստեղծում դպրոցի և հեղինակների միջև, և մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը շարունակական կլինի», - եզրափակեց տնօրենը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում