Սոցիալական հարցեր

Անկանխիկ վճարումների դիմաց հետվճարի ծրագրից օգտվում է 350 հազար թոշակառու

2 րոպեի ընթերցում

Անկանխիկ վճարումների դիմաց հետվճարի ծրագրից օգտվում է 350 հազար թոշակառու

Հայաստանի կառավարությունը կապահովի կենսաթոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ վճարումների դիմաց տրամադրվող հետվճարի ծրագրի շարունակականությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության սեպտեմբերի 25-ի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ 

Նախարարը նշեց, որ շահառուների թիվը կանխատեսվածից ավելի է․ ներկայում մոտ 350 հազար թոշակառու և նպաստառու օգտվում է ծրագրից, և գրանցվում է ամսական 2-3 տոկոս աճ։  

«Նախատեսված գումարը բավարար չէր տարեկան ծախսերը ամբողջությամբ ֆինանսավորելու համար, ուստի առաջարկվում է հատկացումներ կատարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեի միջոցներից»,-ասաց Թորոսյանը։ 

2025 թվականի պետական բյուջեով հետվճարների համար նախատեսված էր 12.4 միլիարդ դրամ, ճշգրտված տարբերակով՝ 13.1 միլիարդ դրամ։  

«Սակայն աճող միտումների պատճառով տարեկան ծախսերի ընդհանուր կանխատեսումը հասել է շուրջ 16.3 միլիարդ դրամի։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ կառավարությունը նախատեսում է հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների վճարումները իրականացնելու համար հատկացնել լրացուցիչ 3.2 միլիարդ դրամ»,- ասաց Թորոսյանը։ 

Հետվճարի չափը կազմում է ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գնումների և վճարումների 12 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 6000 դրամը։ Վճարումները շահառուներին փոխանցվում են ամեն ամիս՝ մինչև տվյալ ամսվա 25-ը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում