Հասարակական

«Իմ քայլը» հիմնադրամը հայ մասնագետների համար զբաղվածության ներառականությանն ուղղված ծրագիր է իրականացրել Նիդեռլանդներում

5 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» հիմնադրամը հայ մասնագետների համար զբաղվածության ներառականությանն ուղղված ծրագիր է իրականացրել Նիդեռլանդներում

«Իմ քայլը» հիմնադրամի գործընկեր Yeremyan Academy-ի ներկայացուցիչները, ինչպես նաև ներառական սրճատան նախագծի համակարգող Զարինե Հարությունյանը սեպտեմբերի 19-22-ը մեկնել էին Նիդեռլանդներ՝ մասնակցելու «Սինդրոմով երիտասարդների աջակցություն հյուրընկալության ոլորտում» քառօրյա վերապատրաստման ծրագրին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, այն անցկացվել է միջազգային ճանաչում ունեցող Downies & Brownies, PSW, Risse Group և Vluchteling aan Zet կազմակերպությունների հյուրընկալությամբ։

Զարինե Հարությունյանը նշում է․ «Շատ կարևոր օր ունեցանք, այցելեցինք Brownies & Downies ցանցի սրճարաններից մեկը։ Իրականում տեսանք այն, ինչ մեզ մոտ գաղափարի մակարդակում է։ Սրճարանների ցանցը հիմնվել է 2010 թվականին, որպեսզի աշխատանքի հնարավորություն տա ինտելեկտուալ խնդիրներ ունեցող մարդկանց։ Շատ ջերմ մթնոլորտ էր ամբողջ սրճարանում: Տեսանք` ինչպես են իրականում դժվարություններ ունեցող մարդիկ աշխատում սպասարկման ոլորտում, շփվում մարդկանց հետ։ Սրճարանի տնօրենները մեզ հետ կիսեցին գործի մանրամասները, աշխատանքի մեթոդները, դժվարությունները, և ինչպես են լուծում տալիս տարբեր խնդրահարույց իրավիճակներին։ Շատ-շատ ոգևորված ենք իրենց փորձով»։

Ըստ աղբյուրի՝ ծրագրի շրջանակում մասնակիցները խորությամբ ծանոթացել են Դաունի համախտանիշ ունեցող անձանց առանձնահատկություններին, ուժեղ կողմերին և զարգացման ներուժին, ինչպես նաև սովորել են ուղեկցման և հաղորդակցման արդյունավետ հմտություններ։ Ծրագիրը ներառել է թե՛ տեսական պարապմունքներ, թե՛ գործնական աշխատանքներ: Հիմնադրամի պատվիրակությունը այցելել է նաև ներառական գործունեությամբ հայտնի սրճարաններ, հանդիպել փորձառու մասնագետների ու ծնողների հետ, իսկ ավարտին ստացել են հավաստագրեր՝ ծրագրի հաջող ավարտի համար։ Այցի ընթացքում Yeremyan Academy-ի շեֆ խոհարար Վարդան Ադամյանը նույնիսկ գործնական օր է անցկացրել Risse Group կառույցի ճաշարանում՝ հատուկ կարիքներ ունեցող անձանց հետ միասին ճաշ պատրաստելով կառույցի ողջ անձնակազմի համար։

Նախագծի շրջանակում հիմնադրամն արդեն տարբեր նախապատրաստական աշխատանքներ է կատարել. ուսումնասիրվել են ներառական սրճարանների տեղական և միջազգային փորձերը, կազմվել է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող կազմակերպությունների ցանկ, կազմակերպվել են հանդիպումներ շահագրգիռ կողմերի՝ տարբեր կառույցների, ծնողների համայնքների հետ, հավաքագրվել են 13 շահառուներ, ստեղծվել է շահառուների բազա, կատարվել է հատուկ կարիքների առողջական և կրթական գնահատման մեխանիզմների վերլուծություն և ներդրում է արվել մասնագետների վերապատրաստման և բարձր մակարդակի կրթություն ստանալու ուղղությամբ:

Հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը նշում է. «Մենք չենք վախենում բարձր նշաձողեր սահմանել, և, այս ծրագրի դեպքում էլ նախընտրել ենք, որ մեր աշխատակազմն ու գործընկերները մասնակցեն միջազգային լավագույն փորձի փոխանակման ծրագրին, ինչից, իհարկե, շահելու են այս սոցիալական նախաձեռնության մեջ ներգրավված բոլոր կողմերը»։

«Իմ քայլը» հիմնադրամի տեղեկացմամբ՝ ծրագրի նպատակն է աջակցել հատուկ կարիքներ ունեցող անձանց կարողությունների զարգացմանը և սոցիալական ներառմանը, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին և նպաստել հասարակությունում առկա կարծրատիպերի հաղթահարմանը, կայուն զբաղվածության և եկամտի հնարավորություններ ապահովել հատուկ կարիքներ ունեցող անձանց համար, ինչպես նաև նպաստել նրանց ինքնուրույնությանը և ինքնաբավությանը:

Հիմնադրամում հավատացած են, որ նման ներառական նախաձեռնությունները փոխում են ոչ միայն շահառուների կյանքը, այլև ամբողջ հասարակության մտածողությունը։ Սրճատունը կլինի հարթակ, որտեղ հասարակության բոլոր անդամները կհանդիպեն հավասար պայմաններում՝ կիսելով համընդհանուր արժեքներ, ինչպիսիք են՝ հարգանք, փոխըմբռնում, ներառականություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում