Վանի Վերին Բաքրաչլը թաղամասի բնակիչներն իշխանություններից պահանջում են վերջնական փլուզումից փրկել Վարագավանքը
1 րոպեի ընթերցում

Թուրքիայի Վան քաղաքի Վերին Բաքրաչլը թաղամասի բնակիչները իշխանություններից պահանջում են գործնական քայլեր ձեռնարկել և վերջնական փլուզումից փրկել տեղի հայկական Վարագավանքը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրառում է հրապարակվել «Նոր Մարմարա» օրաթերթի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։

Գրառման մեջ ասվում է, որ Թուրքիայի Վան քաղաքի Վերին Բաքրաչլը թաղամասում գտնվող պատմական հայկական Վարագավանքը, որի մեծ մասն արդեն իսկ գոյություն չունի, կործանման եզրին է։
«Վանքի գմբեթները փլված են, որմնանկարներն ու արձանագրությունները՝ վնասված։ Վանքը, որը հանրածանոթ է որպես «Յոթը եկեղեցիներ», կառուցվել է 8-րդ դարում՝ դառնալով հոգևոր կարևոր կենտրոններից մեկը։ Այս կառույցը երկար տարիներ ի վեր չի նորոգվել և շարունակում է պահպանվել միայն տեղի բնակիչների ջանքերով։ Ամեն տարի բազմաթիվ հայ զբոսաշրջիկներ են այցելում վանք և աղոթում են ավերակների մեջ»,-ասվում է տեքստում։