Կրթություն

Հայաստանի ԿԳՄՍ նախարարն ու Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահը քննարկում են ունեցել

4 րոպեի ընթերցում

Հայաստանի ԿԳՄՍ նախարարն ու Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահը քննարկում են ունեցել

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով Մարիամ Լաշխինին և պատվիրակության անդամներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև սերտ ու արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։ Նա ընդգծել է, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում առկա է լայնածավալ համագործակցության ներուժ, որը կարող է էական դեր ունենալ երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում։

Խոսելով կրթության ոլորտում համագործակցության խորացման մասին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի դպրոցներում վրացերենի՝ որպես օտար լեզվի ուսուցման ներդրումը, ինչպես նաև վրացերեն դասավանդող մասնագետների պատրաստման և համատեղ վերապատրաստումների կազմակերպման անհրաժեշտությունը։ Այս քայլերը, ըստ նախարարի, հնարավորություն կտան ավելացնելու վրացերեն դասավանդող դպրոցների թիվը Հայաստանում։ Միաժամանակ, կարևորվել է համատեղ աշխատանքը Վրաստանի հայալեզու դպրոցներում հայոց լեզվի և գրականության դասավանդման զարգացման, ինչպես նաև դասագրքերով ապահովման ուղղությամբ։

Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել երկու երկրների միջև ոլորտային համագործակցության մեծ ներուժը։ Նա առաջարկել է դիտարկել հատկապես գիտության ոլորտում կապերի ընդլայնումը՝ համատեղ իրականացնելով միջազգային կրթական և հետազոտական ծրագրեր, այդ թվում՝ «Erasmus+»-ի և «Horizon Europe»-ի շրջանակում։ 

Գիտության և հետազոտության ոլորտում համագործակցության ընդլայնման համատեքստում կողմերը կարևորել են Երևանի պետական համալսարանում գործող Վրացագիտության կենտրոնի գործունեությունը։ Միաժամանակ, անդրադարձ է եղել Թբիլիսիի պետական համալսարանում հայագիտական կենտրոնի գործունեությանն ու դրա զարգացման հեռանկարներին: 

Կողմերը կարևորել են նաև միջպետական կրթաթոշակային ծրագրի իրականացումը, որի շրջանակում փոխանակման հիմունքներով տրամադրվում է 10 մագիստրոսական կրթաթոշակային տեղ, այդ թվում՝ հայագիտության և վրացագիտության ոլորտներում։

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև Հայաստանում և Վրաստանում երիտասարդական համաժողովների անցկացման կարևորությունը՝ նշելով, որ դրանք նպաստում են երկու երկրների երիտասարդների միջև երկխոսության և համագործակցության ամրապնդմանը, նոր նախաձեռնությունների իրականացմանը և բարեկամական կապերի խորացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Կարդացեք հոդվածը` ქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում