Հայաստան-Իրան հարաբերություններին մեծ ապագա է սպասվում․ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանի հարցազրույցը ԻՌՆԱ գործակալությանը
13 րոպեի ընթերցում
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը հարցազրույց է տվել իրանական ԻՌՆԱ գործակալությանը։
Հայաստանի անկախության 34-ամյակին նվիրված հարցազրույցը «Արմենպրես»-ը ներկայացնում է ամբողջությամբ։
Լրագրող. Բարև ձեզ, պարոն դեսպան:
Դեսպան. Բարև ձեզ:
Լրագրող. Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ և հայ ժողովրդին ու Ձեզ հղում լավագույն բարեմաղթանքներս:
Դեսպան. Շատ շնորհակալ եմ: Օգտվելով այս առիթից՝ թույլ տվեք շնորհավորել մեր Անկախության օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել այդ առիթով ԻՌՆԱ լրատվական գործակալության հետ հարցազրույցի հնարավորության համար:
Լրագրող. Պարոն դեսպան, շնորհակալություն, որ մեզ ժամանակ հատկացրիք: Կցանկանայի հետաքրքրվել Իրան-Հայաստան հարաբերություններից: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը երկու երկրի հարաբերությունների վերաբերյալ:
Դեսպան. Ես եմ շնորհակալ այս հնարավորության համար։ Իրանը Հայաստանի անկախությունից հետո առաջին երկրներից էր, որ ճանաչեց այն, և, Հայաստանի անկախությունից ի վեր, եթե հետահայաց նայենք այդ հարաբերությունների զարգացման դինամիկային, այն մշտապես շարժվել է և զարգացել է բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում, որն այսօր ամուր հիմք է ծառայում մեր երկկողմ գործակցությունը զարգացնելու ուղղությամբ։ Հայաստանի և Իրանի ժողովուրդները կապված են դարավոր մշակութային և պատմական թելերով և դրանց հիման վրա մենք այսօր կարողանում ենք զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Մենք Իրանի հետ ունենք բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ։ Շատ կարևոր է մեր տարածաշրջանի պայմաններում նման հարաբերություններ ունենալը, և մենք երկուստեք մեծ ջանքեր ենք գործադրում, որ առկա գործակցությունն ու հարաբերություններ առավել խորացնենք և զարգացնենք։
Լրագրող. Վերջին շրջանում Իրանն ու Հայաստանն հայտարարել են հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու մասին: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ գործիքակազմ է առկա այդ նպատակին հասնելու ուղղությամբ:
Դեսպան. Այո, ինչպես Դուք նշեցիք, երկու երկրի ղեկավարները հստակ պատրաստակամություն են հայտնել հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու, և, իրապես, եթե մենք դիտարկում ենք Հայաստան-Իրան հարաբերությունների ամբողջ սպեկտորը և գործակցության ոլորտները, դրանք այլ կերպ հնարավոր չէ բնութագրել, քան ռազմավարական, և այն ոլորտները, որոնք այսօր առկա են երկկողմ գործակցության շրջանակներում՝ տնտեսական, քաղաքական, մշակութային, ենթակառուցվածքային, էներգետիկ, դրանք իսկապես ունեն ռազմավարական բնույթ և կարևոր են, թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար։
Վերջերս տեղի ունեցավ նախագահ Փեզեշքիանի պաշտոնական այցը Հայաստան, և մենք ականատես եղանք երկու երկրների ղեկավարների կողմից համատեղ հայտարարությանը, որում արտացոլված էր երկու երկրի ղեկավարների հստակ պատրաստակամությունը՝ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Մենք այդ նպատակին հասնելու համար գործուն քայլեր ենք իրականացնում, որի վկայությունն է նաև այցի ընթացքում մեկ տասնյակ փաստաթղթերի ստորագրումը, ինչը նորովի է կարգավորելու տարբեր ոլորտներում մեր երկկողմ գործակցությունը։
Լրագրող. Ինչպիսի՞ փոխգործակցություն են ծավալում Իրանն ու Հայաստանը տարածաշրջանում, և ի՞նչ հնարավորություններ կան՝ զարգացնելու այդ համագործակցությունը:
Դեսպան. Տարածաշրջանային գործակցության շրջանակում, ինչպես գիտեք, Իրանը բազմիցս և ամենաբարձր մակարդակով նշել է Հարավային Կովկասի կենսական նշանակությունը իր համար։ Գիտեք, Հայաստանը և Իրանը տարածաշրջանում վարում են և ունեն խաղաղության, կայունության օրակարգ և շարժվում են տարածաշրջանում առկախված հարցերը դիվանագիտական ճանապարհներով լուծելու ուղղությամբ։ Ես նաև կցանկանայի հարցին ավելի խորքային անդրադառնալ, որ ավելի հստակ լինի՝ օգոստոսի 8-ին տեղի ունեցան կարևոր համաձայնություններ, և մեզ հաջողվեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև նախաստորագրել երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնությունը, որն, ի վերջո, փակելու է տարածաշրջանում ապակայունացման և հակամարտությունների էջը։ Նաև այդ համաձայնությունների շրջանակներում մեզ հաջողվեց համաձայնության գալ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ, որը պետք է իրականացվի պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Եվ այս պարագայում պետք է նշեմ, որ Երևանը մշտապես բարձր է գնահատել Իրանի այն սկզբունքային դիրքորոշումը, որը կապված է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու վերաբերյալ, և Հայաստանը փոխադարձաբար իր բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը վարելիս՝ մշտապես հաշվի է առել Իրանի կենսական շահերն ու զգայունությունները։ Ես համոզված եմ, որ տարածաշրջանում այս նոր իրողությունների պայմաններում ՀՀ-ն և Իրանը կկարողանան առավել խորացնել երկկողմ գործակցությունը և իրականացնել տարածաշրջանային ծրագրեր, որոնք իրենց հերթին կնպաստեն տարածաշրջանում առավել խաղաղության ամրապնդմանը։
Լրագրող. Կխնդրեի անդրադառնայիք նաև երկու երկրների տնտեսական հարաբերություններին և նշեիք՝ որո՞նք են այդ կապերը զարգացնելու ուղիները:
Դեսպան. Այո, ինչպես նշեցի, մեր երկկողմ հարաբերությունները զարգանում են բոլոր հարթություններում և դրանք ունեն մեծ կարևորություն երկրու երկրների համար։ Մասնավորապես, ինչպես նշեցիք, տնտեսական գործակցությունը ևս ակտիվ և դինամիկ զարգացում է ապրում վերջին տարիներին։ Երկու կողմից կա հստակ պատրաստակամություն առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու և զարգացնելու։ Դուք գիտեք, որ երկու երկրների ղեկավարների կողմից դրված է հստակ նշաձող՝ առևտրաշրջանառության ծավալները հասցնել 1 մլրդ դոլարի, այնուհետև՝ 3 մլրդ դոլարի։ Այսօր կարող ենք փաստել, որ 1 մլրդի շեմին, գրեթե, հասել ենք և դրա համար նախատեսվում և իրականացվում են գործուն ծրագրեր և քայլեր։ Մասնավորապես՝ սահմանային անցակետի վերակառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա տրանսպորտային թողունակության ծավալները մեծացնել, սահմանային երկրորդ կամրջի կառուցումը, էներգետիկ բլոկում մի շարք ծրագրերը։ Այս ամենը կխթանեն, որ առավել զարգացնենք մեր առևտրատնտեսական հարաբերությունները։
Նաև պետք է նշեմ, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով բարենպաստ և յուրահատուկ կամուրջ է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև։ Հաշվի առնելով նաև վերջերս Իրանի և ԵԱՏՄ միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը՝ կարող ենք ասել, որ դա լրացուցիչ խթան կհանդիսանա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։
Նաև պետք է արձանագրել, որ նախագահ Փեզեշքիանի այցի ընթացքում տեղի ունեցավ գործարար համաժողով, որին ներկա էին անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Սա նույնպես լրացուցիչ ազդակ էր և խթան էր, որ երկու երկրների գործարարները, տնտեսվարողները, արդյունաբերողները, ներդրողները կարողանային մեկ հարթակում հավաքվել և քննարկել հնարավոր գործակցության ուղիները։
Լրագրող. «Հյուսիս-հարավ» ճանապարհատրանսպորտային միջանցքն Իրանը կապում է Եվրասիական տնտեսական միությանն ու Սև ծովին: Կցանկանայի իմանալ, թե ի՞նչ փուլում է գտնվում հաղորդակցային այդ ուղու շինարարությունը, և այժմ ի՞նչ պայմաններ են առկա:
Դեսպան. «Հյուսիս-հարավ» ճանապարհատրանսպորտային միջանցքը շատ մեծ կարևորություն և նշանակություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար, և այդ ուղղությամբ Հայաստանում մեծ ծավալի աշխատանքներ են իրականանում։ Ինչպես գիտեք, «Հյուսիս-հարավ» ճանապարհատրանսպորտային միջանցքի ճանապարհի մի կարևոր հատվածի շինարարությունն իրականացնում են իրանական ընկերությունները։ Ի դեպ, վերջերս հնարավորություն ունեցա անձամբ ներկա գտնվել ճանապարհաշինության աշխատանքներին, պետք է փաստեմ, որ մեր իրանցի գործընկերները բավարար աշխատանք են իրականացնում, և հուսով եմ, որ իրենց որակյալ և հետևողական աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի նախագիծն ավարտին հասցնել։ «Հյուսիս-հարավ» ճանապարհատրանսպորտային միջանցքը Հայաստանին հնարավորություն կտա Իրանի տարածքով հասնել դեպի Պարսից ծոց, իսկ Իրանին՝ Հայաստանի տարածքով դեպի հյուսիս, դեպի Սև ծով։ Ի դեպ, պետք է նշեմ, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհատրանսպորտային միջանցքի իրականացումը լիովին համընկնում է ՀՀ կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ոգուն և տրամաբանությանը, որը նաև իրականացվելու է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների վրա, որին, ի դեպ, աջակցություն է ցուցաբերել նաև Իրանը։
Լրագրող. Հայ և իրանցի ժողովուրդների միջև առկա են մշակութային մի շարք ընդհանրություններ: Խնդրում եմ նկարագրեք նաև Իրան-Հայաստան համագործակցությունը մշակութային բնագավառում և նշեք, թե ինչպե՞ս է հնարավոր առավել զարգացնել այդ փոխգործակցությունը:
Դեսպան. Ինչպես իմ խոսքի սկզբում նշեցի, երկու երկրների ժողովուրդները կապված են դարավոր մշակութային ամուր թելերով, և այսօր նույնպես այդ հարաբերությունները խորանում և զարգանում են։ Վերջերս տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի այցը Իրան։ Այցը մեկնարկեց պատմական Շիրազ քաղաքից, որտեղ դեսպանության նախաձեռնությամբ, ինչպես նաև ՀՀ և Իրանի իշխանությունների գործուն աջակցության շնորհիվ տեղի ունեցավ աննախադեպ միջոցառում՝ Իրանի դարավոր քաղաքակրթական, մշակութային ժառանգություն համարվող Պերսեպոլիսում կամ Թախտեջամշիդում տեղի ունեցավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի աննախադեպ և պատմական համերգը, որը նվիրված էր ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին։ Սա մեծ միջոցառում էր և բացի մշակութային լինելուց, այն նաև ուներ շատ հստակ ուղերձ երկու երկրների ժողովուրդների միջև բարեկեցության, խաղաղության, միմյանց մշակութային ժառանգության հանդեպ փոխադարձ հարգանքի վերաբերյալ։
Սա մեծ արձագանք գտավ, թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում։ Նախարարի այցի ընթացքում նաև տեղի ունեցան մի շարք բարձրաստիճան հանդիպումներ, որոնց ընթացքում անդրադարձ կատարվեց և գործնական համաձայնություններ ձեռք բերվեցին, մասնավորապես,, մշակույթի ոլորտում՝ կինո, երաժշտություն, թարգմանություն, փառատոններ. այդ բոլոր բնագավառներում ձեռք են բերվել համաձայնություններ, որոնց իրականացման և իրագործման համար պետք է արդեն հետևողական աշխատանքներ իրականացնենք։ Այցի ընթացքում Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրատան ինստիտուտի հետազոտական կենտրոնի և Իրանի Ազգային արխիվի և գրադարանի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, տեղի ունեցավ հայկական անկյունի բացում, որտեղ ներկայացված է Հայաստանի կրթության, մշակույթի, արվեստի, ճարտարապետության վերաբերյալ հարուստ գրականություն։ Այցի ընթացքում Իրանի Ազգային կինոկենտրոնի և Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի համատեղ ջանքերով տեղի ունեցավ նաև «Փարաջանովյան օրեր կինոփառատոնը։
Լրագրող. Շատ շնորհակալություն:
Դեսպան. Ես եմ շնորհակալ։ Նաև ամփոփելով այս ամենը՝ կցանկանայի նշել, որ Հայաստան-Իրան հարաբերությունները մեծ ապագա ունեն և կարծում եմ, որ առաջիկայում նորանոր ձեռքբերումների և հաջողությունների ականատեսը կլինենք, որոնք միանշանակ կծառայեն երկու երկրներին և ժողովուրդներին։