Իրավունք

Հարկային տեսուչները մեղադրվում են կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. նախաքննությունն ավարտվել է

3 րոպեի ընթերցում

Հարկային տեսուչները մեղադրվում են կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. նախաքննությունն ավարտվել է

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության գլխավոր հարկային տեսուչը նշանակված հարկային ստուգման ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ օգտին ապօրինի գործողության և թողտվության համար կաշառք է ստացել, ինչպես նաև այլ հարկային տեսուչների հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել են ի վնաս պետության օրինական շահերի: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ: 

«Մասնավորապես՝ վերը նշված գլխավոր հարկային տեսուչը, պարզելով, որ բետոնի արտադրության ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարողին պատկանող արտադրամասում առանց աշխատանքային պայմանագրի փաստացի աշխատանքային գործունեություն են իրականացրել հարկային մարմնում գրավոր չձևակերպված անձինք, առկա իրավախախտումը չարձանագրելու և հետագայում ապօրինի համագործակցությունը նույն ձևով շարունակելու համար կաշառք է ստացել տնտեսվարողից։ 

Այնուհետև նույն պաշտոնատար անձը, գործելով խմբի կազմում, ստուգմանը ներգրավված 2 այլ հարկային տեսուչների հետ, կազմել և շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ, որում նշված ԱՁ-ում փաստացի աշխատող առնվազն 6 անձի՝ գրանցված աշխատող հանդիսանալու փաստը չի արձանագրվել: Արդյունքում՝ օրենքով սահմանված կարգով չեն կազմվել ընդհանուր 500. 000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու ակտեր, չեն նշանակվել նույնչափ տուգանքներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է էական գույքային վնաս՝ չարձանագրված տուգանքի տեսքով։

Կաշառք ստանալու, ծառայողական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 445-րդ հոդվածի 2-րդ մասով: Գլխավոր հարկային տեսուչի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Մեղադրանք է ներկայացվել նաև պաշտոնատար անձանց կաշառք տված տնտեսվարողին»,- նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

Քրեական  նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում