Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն «Ժառանգություն և ճարտարապետություն» խորագրի ներքո
2 րոպեի ընթերցում

«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումներն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 27-ին և 28-ին՝ «Ժառանգություն և ճարտարապետություն» խորագրով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկու օրվա ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի տակ կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ, ցուցադրություններ, բանախոսություններ, արշավներ դեպի պատմամշակութային հուշարձաններ, համերգներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, մրցույթներ և այլն:
«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատել է Եվրոպայի խորհուրդը 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռնությունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Տարեկան ավելի քան 70 հազար մշակութային միջոցառում է իրականացվում ողջ Եվրոպայում՝ բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության, շարունակական պահպանության կարևորությունը:
Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ ԿԳՄՍ նախարարության, արդեն 25-րդ տարին է՝ միանում է համաեվրոպական այս միջոցառմանը։