Հայաստան

Անուշաբույր գաթայի բազմազան տեսականին մեկ վայրում. Խաչիկ գյուղում կանցկացվի Գաթայի փառատոնը

5 րոպեի ընթերցում

Անուշաբույր գաթայի բազմազան տեսականին մեկ վայրում. Խաչիկ գյուղում կանցկացվի Գաթայի փառատոնը

Վայոց ձորի Խաչիկ գյուղում կրկին եռ ու զեռ է լինելու։ Անցկացվելու է ավանդույթ դարձած ամենահամեղ ու քաղցր միջոցառումներից մեկը՝ Գաթայի փառատոնը։ Արդեն 9-րդ անգամ Խաչիկ գյուղում Գաթայի փառատոնը վերածվում է մեծ տոնախմբության՝ ներգրավելով ինչպես տեղացիներին, այնպես էլ այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկներին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արենի փառատոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանը  նշեց, որ զբոսաշրջային այս պրոդուկտը նպաստում է մեծ թվով այցելուների ներգրավմանը,  սահմանապահ գյուղում բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, տնտեսական ակտիվության ստեղծմանը, ինչպես նաև զբոսաշրջության տեսանկյունից գյուղի ճանաչելիության բարձրացմանը։ 

«Բնակիչները մեծ խանդավառությամբ են պատրաստվում ու անհամբեր սպասում են այս իրադարձությանը։ Այն արդեն 9-րդ անգամ է անցկացվում և վստահաբար կարող ենք ասել, որ շատերը Խաչիկ գյուղը ճանաչել են հենց Գաթայի փառատոնով։ Այն ոչ միայն տոն է սահմանամերձ բնակիչների համար, այլև տնտեսական առումով կարևոր նշանակություն ունի։ Գյուղացիները վաճառում են իրենց բերքն ու բարիքը, զբոսաշրջիկների հոսքին զուգահեռ ակտիվանում է հյուրատնային տնտեսությունը»,-ասաց Նունե Մանուկյանը։ 

Փառատոնի ընթացքում ցուցահանդես-վաճառքով տեղի և հարակից շրջանների ներկայացուցիչները, հանդես գալով առանձին տաղավարներում, ներկայացնում են իրենց բերքն ու բարիքը, տեղին հատուկ ավանդական ուտեստները, քաղցրավենիքը, արհեստներն ու արվեստները։ Խաչիկ համայնքի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանն ընդգծեց, որ գլխավոր զարդը լինելու է հայկական ավանդական գաթան։ 

«Առանձին տաղավարներում բազմատեսակ գաթաները գերիշխելու են։ Մեր բնակիչները ջանք ու եռանդ չեն խնայում այցելուներին համեղ գաթաներ ներկայացնելու համար։ Ներկայացնում ենք ինչպես ավանդական բաղադրատոմսերով պատրաստած գաթաները, այնպես էլ վերջին շրջանի նորամուծությունները։ Հյուրերին հիացնելու է բավական մեծ չափերով գաթան, որը տարեցտարի ավելի մեծ շառավղով է ներկայացվում։ Այս տարի ևս անակնկալ է սպասվում»,-ասաց Հովիկ Սմբատյանը։ 

Փառատոնը համախմբում է տեղացիներին ու հյուրերին՝ ներկայացնելով հայկական խոհանոցի ինքնատիպությունը, հարուստ մշակույթը և հյուրասիրության ավանդույթները։ Արենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գևորգ Սիմոնյանը նշեց, որ  համայնքային իշխանությունները զգալի աշխատանք են կատարում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։

«Ինչպես գիտեք Արենի խոշորացված համայնքը բավական ակտիվ է և տարբեր համայնքներում զբոսաշրջային փառատոններ ու միջոցառումներ են անցկացվում։ Զբոսաշրջային հոսքի ավելացմանը զուգահեռ ծավալուն աշխատանքներ են տարվում մի շարք ուղղություններով՝ փողոցների բարեկարգում, խմելու ջրամատակարարում, լուսավորության համակարագի բարելավում։ Խաչիկ գյուղը կարևոր համայնք է և ի սկզբանե խնդիր էր դրված նպաստել այնտեղ տնտեսական կյանքի զարգացմանը։ Ահա շատերի կողմից սիրված ու սպասված Գաթայի փառատոնն այդ համատեքստում կարևոր նշանակություն ունի»,-ասաց Գևորգ Սիմոնյանը։ 

Գաթայի փառատոնը համադրում է և՛ ազգայինը, և՛ ժամանակակիցը։ Եվ ահա այդ համադրության տրամաբանությամբ էլ հանդիսատեսին ներկայացվելու է ինքնատիպ համերգային ծրագիր։ Ելույթներով հանդես են գալու Գուրգեն Դաբաղյանը, «Տարոնցիներ» ազգագրական երգի և պարի համույթը, Ռուբեն Սասունցին, Մավր Մկրտչյանը, Ethno Colors խումբը, DJ Bang Project-ը։ 

Փառատոնի ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ գաթանախշիչների կիրառման հմտություններին և տեսնել, թե ինչպես է գաթան ստանում իր ավանդական զարդանախշը։ Անուշաբույր գաթայի տեսականուց բացի փառատոնի ժամանակ այցելուները կարող են ծանոթանալ արհեստներին, տեղացի արվեստագետների աշխատանքներին, ինչպես նաև օգտվել գյուղացու ստեղծած բերքից ու բարիքից՝ աջակցելով նրանց։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում