Իրավունք

Տեսչական մարմնի պաշտոնյաներին կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել. Հակակոռուպցիոն կոմիտե

3 րոպեի ընթերցում

Տեսչական մարմնի պաշտոնյաներին կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Բացահայտվել են տեսչական մարմնի պաշտոնատար անձանց և առևտրային կազմակերպությունների աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Կոնիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձը 2024 թվականի հունիսին գազամատակարարման աշխատանքներ իրականացնող ընկերության կողմից Երևան քաղաքում տարբեր անձանց համար կատարված մի շարք թերի աշխատանքների կամ ժամկետանց տեխպայմանների հետ կապված խնդիրներն անտեսելու և շահագործման վերաբերյալ համապատասխան թույլտվություններ տրամադրելու համար 245.000 դրամ կաշառք է ստացել ընկերության տնօրենից: Մեկ այլ դեպքում՝ նշված գործընթացները կազմակերպելու դիմաց տեսչական մարմնի ևս մեկ պաշտոնյայի հետ համաձայնություն է ձեռք բերվել 200.000 դրամ կաշառք տալու շուրջ։

Քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են նաև գազամատակարարման աշխատանքներ իրականացնող ընկերության տնօրենից առևտրային կազմակերպությունների աշխատակիցների կողմից մասնավոր ոլորտում կաշառք ստանալու դեպքեր: Ըստ նյութերի՝ նրանք 2024 թվականի հոկտեմբերին ստացել են ընդհանուր 300.000 դրամ կաշառք՝ պետության կարիքների համար գազաբաշխիչ կայանի կառուցմանը վերաբերող համապատասխան փաստաթղթերը կեղծելու և դրանցում աշխատանքներն ավարտված լինելու մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներառելու համար:

Կաշառք ստանալու համար ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ մասնավոր ոլորտում կաշառք ստանալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանքներ են ներկայացվել առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին։ Երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, վարչական հսկողությունը, գրավը և պաշտոնավարման կասեցումը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում