Թռիչքի սիրահարները կհավաքվեն մեկ տեղում. կանցկացվի «Armenia AirFest» փառատոնը
3 րոպեի ընթերցում

Եղվարդում սեպտեմբերի 20-ին կանցկացվի «Armenia AirFest» փառատոնը, որն իր դռներն է բացում արդեն 6-րդ անգամ։ Ավիացիայի, արկածային տուրիզմի և մշակույթի այս միջոցառումը դարձել է Հայաստանի ամենասպասված իրադարձություններից մեկը՝ ներգրավելով բազմաթիվ հյուրերի թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում միջոցառման կազմակերպիչ Հայաստանի ընդհանուր ավիացիայի հիմնադրամի տնօրեն Արմեն Սարգսյանը նշեց, որ բավական հագեցած ծրագիր է սպասվում։
«Այս տարվա փառատոնը խոստանում է լինել ավելի վառ։ Այն մեկնարկելու է ժամը 12։00-ին, լինելու է օդային ինքնատիպ շոու ինքնաթիռների, պարապլանների, օդապարիկների և ուղղաթիռների մասնակցությամբ։ Ունենք միջազգային մասնակից-գործընկերներ, որոնք գալու են ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից, Գերմանիայից։ Թռիչքներին քաղաքացիների մասնակցություն ևս նախատեսված է։ Դրա համար կարելի է գրանցվել ինչպես նախապես, այնպես էլ տեղում։ Բոլոր նրանք, ովքեր երազել են թռիչքներ իրականացնելու մասին, կարող են գալ, մասնակցել, որովհետև սա շատ լավ հնարավորություն է ավիացիային մոտ լինելու համար»,-տեղեկացրեց Արմեն Սարգսյանը։
Միջոցառման համերգային հատվածն ապահովելու է Lav Eli խումբը DJ Սիաննայի մասնակցությամբ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը նշեց, որ Հայաստանն այս ամիսներին զբոսաշրջային բում է ապրում։ Հատկապես ամռան ամիսներին նկատելի աճել է Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը։ Մասնավորապես, եթե 2024 թվականի հունիսին Հայաստան էր եկել 180 հազարից, հուլիսին՝ 237 հազարից, օգոստոսին՝ 300 հազարի ավելի զբոսաշրջիկ, ապա 2025-ին այդ ցուցանիշները զգալի աճել են․ հունիսին՝ 215 հազարից, հուլիսին՝ 263 հազարից, օգոստոսին 334 հազարից ավելի զբոսաշրջիկ։ Հայաստան ավելի շատ եկել են Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից։ Նկատվում է Չինաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից զբոսաշրջիկների թվի ավելացում։
«Զբոսաշրջային այցելությունների աճը պայմանավորված է մի շարք գործոններով, սակայն պետք է ընգծեմ, որ իրադարձային տուրիզմը մեծ նշանակություն ունի։ Առկա են բազմաթիվ փառատոններ, որոնց մասնակցելու համար են գալիս շատ զբոսաշրջիկներ։ Մենք աջակցում ենք ինչպես գաստրո, մշակութային, ժամանցային փառատոնների անցկացմանը, այլև շեշտը դնում ենք նաև արկածային տուրիզմի զարգացմանն վրա։ «Armenia AirFest» փառատոնը հենց դրանցից մեկն է։ Այն յուրօրինակ հարթակ է փոքր ավիացիայի հնարավորությունները ցույց տալու, հանրությանը դրան մոտեցնելու համար»,-ասաց Լուսինե Գևորգյանը։
