Քննարկվում է Երևանում նոր բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի կառուցման հարցը
2 րոպեի ընթերցում

Երևանում ընթացիկ տարում հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել 3 առողջապահական կենտրոններ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 15-ի մամուլի ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ մանրամասնելով, որ դրանց թվում են «Բաղրամյան» առողջության կենտրոնի մասնաճյուղը (պոլիկլինիկա) և երկու խոշոր առողջապահական կենտրոններ՝ Արաբկիր ու Ավան վարչական շրջաններում։
«Նախատեսում ենք հիմնանորոգել ևս 6 առողջության կենտրոններ։ Այս պահին ընթանում են Նորք Մարաշում գտնվող առողջության կենտրոնի հիմնանորոգման վերջնական աշխատանքները»,-հավելեց Ավինյանը։
Անդրադառնալով շտապօգնության ծառայությանը՝ նա նշեց, որ այս ընթացքում հաջողվել է լուծել ծառայության ֆինանսական խնդիրը։
«Մենք իրականացրել ենք «առողջացման» ծրագիր և գրեթե ամեն տարի կարողանում ենք գնել նոր ավտոմեքենաներ։ Այս տարի շտապօգնության ծառայությունը կհամալրվի 7 ավտոմեքենայով»,-ներկայացրեց Ավինյանը։
Ինչ վերաբերում է շտապօգնության զանգերի կենտրոնի սպասարկմանը, քաղաքապետի խոսքով՝ այն հասցվել է 100 տոկոս արդյունավետության։
Երևանի քաղաքապետը տեղեկացրեց, որ անգլիացի գործընկերների հետ ներկայում քննարկվում է մեծ, բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի կառուցման հարցը։