Մշակույթ

Շարունակենք հայ մնալ հոգով, հավատքով, բարությամբ. Ադամ Բարրոն երկու նոր հոլովակ է հանձնել երկրպագուների դատին

5 րոպեի ընթերցում

Շարունակենք հայ մնալ հոգով, հավատքով, բարությամբ. Ադամ Բարրոն երկու նոր հոլովակ է հանձնել երկրպագուների դատին

Ադամ Բարրոն՝ Գյումրիում ծնված, ճակատագրի բերումով Փարիզում ապրող երգիչն իր բեմական կերպարով, հետաքրքիր ձայնով Հայաստանն է ներկայացնում աշխարհի բեմերում։ Իսկական անուն-ազգանունը Մուրադ Ամիրխանյան է. որպեսզի արտասահմանյան  հանդիսատեսը չխեղաթյուրի այն, ներկայանում է որպես Ադամ Բարրո։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ձայնային դիապազոնը՝ բասի ամենացածր նոտաներից մինչև բարիտոնի ամենաբարձրը, նրան դարձրել է միջազգային օպերային արվեստի հեռանկարային անուններից մեկը։ Ադամ Բարրոն հանդես է եկել Եվրոպայի և աշխարհի բազում քաղաքներում։ Նա ներկայանում է բարեգործական նախաձեռնություններով: Թողարկել է մի քանի ձայնասկավառակ՝ նվիրված հոգևոր և դասական երգարվեստի գոհարներին։ Կատարել է Վերդիի, Սեն-Սանսի, Մոցարտի, Բեթհովենի, Բրամսի գործերը՝ եվրոպական բեմերում։ Երբ ձայնը հնչում է Հայաստանում, նրա խոսքն ու երգն այլ իմաստ են ստանում։ 

Այս անգամ երգչի այցը Հայաստան դարձավ իսկական մշակութային իրադարձություն. հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը,  Ադամ Բարրոն ու 14 տաղանդավոր արվեստագետ ընկերները միավորվեցին մեկ գաղափարի շուրջ՝ բացառիկ վոկալ երաժշտության երեկոյի, նվիրված Ավետիք Իսահակյանի 150-ամյակին։ 

Սեպտեմբերյան երեկոն հայ հանդիսատեսի համար դարձավ պատմական օր՝ վայելելու գյումրեցի մեծ գրողի անմահ խոսքերով և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով հյուսված վոկալ գլուխգործոցները։ 

«Ես ապրում եմ Փարիզում, բայց ամեն վայրկյան հոգով հայրենիքում եմ։ Իսահակյանը գյումրեցի էր, ինչպես ես։ Նա ապրել է Փարիզում, ես նույնպես։ Պատահականություններ չկան»,-ասում է նա։

Եվ ահա, օրեր անց, կրկին անակնկալ երգչից. միանգամից երկու տեսահոլովակի պրեմիերա՝ «Կենաց երգ» (խոսք՝ Աշոտ Գրաշու, երաժշտությունը՝ Արամ Խաչատրյանի) և «Հայաստան» (խոսք՝ Հովհաննես Միրզա-Վանանդեցու, երաժշտությունը՝ Գաբրիել Երանյանի):

«Հայաստանը դրախտավայր է։ Արարատ լեռը, բիբլիական Նոյը, խաղողի ողկույզները՝ որպես պտղաբերության և քրիստոնեական հավատքի խորհրդանիշ։ Խաչը, հավատքը, Արարատը՝ սա է իմ Հայաստանը։ Դա է եղել իմ գերխնդիրը «Հայաստան» տեսահոլովակում», - ասում է Ադամ Բարրոն ու հավելում՝ ցանկանում է ակադեմիական ձևով ներկայացնել մոռացված մշակութային արժեքը՝ պահպանելով և վերակենդանացնելով այն։ Նրա խոսքով՝ «Կենաց երգը» վերածվում է հայրենիքի գովերգի՝ հիշեցնելով, որ հայ ժողովուրդը պետք է մշտապես հպարտանա իր մշակույթով, գինով, արվեստով և ավանդույթներով։

Կոմիտասի մշակմամբ «Հայաստան» երգը, որը նկարահանվել է Խոր Վիրապում ու Նորավանքում, արտիստի համար ոչ միայն երաժշտական ստեղծագործություն է, այլև ոգեղեն պատգամ ինչպես հայերին, այնպես էլ աշխարհին։ 

«Իռեն Շաբոյանը և ես երգը թարգմանել ենք ֆրանսերեն, որպեսզի այն ներկայացվի Ֆրանսիայում, ինչպես նաև ֆրանկոֆոն երկրներում։ Սա պարզապես երաժշտական կատարում չէ, այլ ուղերձ է աշխարհին՝ Հայաստանի հավատքի, մշակույթի ու ինքնության մասին»,-նշում է երգիչը։ 

Ադամ Բարրոյի խոսքով՝ երկու տեսահոլովակներն էլ տարբեր առաքելություն ունեն. «Հայաստան» երգը ցույց է տալիս հայրենիքի աստվածատուր շնորհները, իսկ Խաչատրյանի ստեղծագործության նոր մեկնաբանությունը՝ հայ մշակույթի շարունակականությունն ու հավերժությունը, սակայն երկուսի հիմքում էլ նույն գաղափարն է՝ հայի ինքնության պահպանումն ու սերունդներին փոխանցելը։

Երկրաշարժից հետո կորցնելով ծնողներին և հաստատվլով Ֆրանսիայում՝ նա հասկացել է, որ բարությունը ռազմավարություն չէ, այլ ապրելակերպ, բայց որքան էլ նրա կյանքն անցել է Փարիզում, երգիչը կրկին ու կրկին վերադառնում է դեպի իր արմատները։ 

«Մենք չպետք է նստենք ձեռքներս ծալած։ Մեր պարտքն է երգով և արվեստով հիշեցնել՝ ով ենք մենք։ Պետք է շարունակենք հայ մնալ երգով, հավատքով, բարությամբ»,-հավաստիացնում է նա։

Բարրոն վստահ է՝ հայ արտիստը չպետք է սպասի փառքի կամ արտաքին գնահատանքի։ Նրա պարտքն է անդադար բարձրաձայնել հայրենիքի անունը, գովերգել իր ժողովրդին և երգով պահպանել այն, ինչը հայ է դարձնում մեզ։ 

Տեսահոլովակների ստեղծման համար երգիչը շնորհակալություն է հայտնում դաշնակահարուհի Զարուհի Թոփչյանին, օպերատոր Նարեկ Գրիգորյանին, մոնտաժող Նանե Սարգսյանին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում