Մշակույթ

Հայաստանյան հանդիսատեսի դատին կհանձնվի «Ալենի կախարդական հեքիաթը» սառցե շոուն

5 րոպեի ընթերցում

Հայաստանյան հանդիսատեսի դատին կհանձնվի «Ալենի կախարդական հեքիաթը» սառցե շոուն

Մեր ժամանակների հերոս, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի հեքիաթի մոտիվներով բեմադրված «Ալենի կախարդական հեքիաթը» սառցե շոուն դեկտեմբերին կներկայացվի Երևանում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման պրոդյուսերը Զառա Մխեյանն է, որը նաև APPA Pro-ի հիմնադիրն է։

-Առաջիկայում սպասվում է գեղեցիկ շոուի պրեմիերա։ Կխնդրեմ խոսել ներկայացման առանձնահատկությունների մասին։

-Սառցե հեքիաթներ ստեղծելը պահանջում է պերֆեկցիոնիզմ, ինչին ձգտում ենք: Ներկայացման միջոցով փոխանցվող հիմնական գաղափարներն են լույսը, սերը և բարությունը, որը միշտ հաղթում է չարին. դա է ներկայացման հիմքում։ Ես և ամբողջ թիմը ոգեշնչվում ենք մեր ներկայացումներին ներկա հանդիսատեսի սիրուց և էներգիայից։ Վստահ ենք, որ այս անգամ բարության էներգիան շատ ավելի մեծ կլինի։ Մեր շոուներն առաջարկում են նոր և սիրված հեքիաթային ճանապարհորդություններ, և մեր ընկերությունն անընդհատ աշխատում է նոր, անակնկալ պրեմիերաներ ստեղծելու ուղղությամբ։

-Համագործակցել եք հանրահայտ կոմպոզիտորներ Ալեքսեյ Գալինսկու հետ, որը ֆանտաստիկ երաժշտություն էր գրել «Ախթամար» սառցե ներկայացման համար, Էդգար Գյանջումյանի հետ, որի կախարդական երաժշտությունն հնչում էր «Ձյունե թագուհու պատմությունը» սառցե ներկայացման մեջ, իսկ ո՞վ է հեղինակելու «Ալենի կախարդական հեքիաթը» սառցե շոուի երաժշտությունը:

-Այս անգամ լեգենդար  երաժշտական ստեղծագործությունները նորովի  կհնչեն սառույցի վրա ժամանակակից բարձր  տեխնոլոգիաներով  ուղեկցվող բեմադրության մեջ: Ամանորյա մոգության մասին հեքիաթում ունկնդիր  կլինենք Չայկովսկու,  Վագների, Կռիլատովի, Պաուլսի, Գրիգորյանի, Դունաևսկու և շատ ուրիշների երաժշտական գլուխգործոցներին: Խանդավառությունն ամբողջ ընտանիքի համար երաշխավորված է:

«Ալենի կախարդական հեքիաթը» նոր մեկնաբանությամբ կվերածվի գրավիչ և հետաքրքրաշարժ սառցե ներկայացման՝ հագեցած  անսպասելի մուլտիմեդիայի էֆեկտներով, տեխնիկապես բարդ հնարքներով և ցնցող պարային համարներով: Սցենարի վրա աշխատում է սցենարիստ, ռեժիսոր, բեմադրիչ Էմիլ Կարատը: Հրաշքներն ու կախարդանքը իրականանում են, և մեր ամանորյա հեքիաթը պատմում է արտասովոր իրադարձությունների մասին, որոնք սովորական կյանքում անհնարին են թվում, բայց տեղի են ունենում մոգության կամ հրաշքին հավատալու շնորհիվ և, անպայման, Ամանորի գիշերը:

-Գեղասահորդների ի՞նչ կազմ է ընդգրկված ամանորյա շոուում: 

 -Պրեմիերային գլխավոր դերերում հանդես կգան Հայաստանի գեղասահքի աստղերը, Իսրայելի,  Հայաստանի, Եվրոպայի, աշխարհի բազմակի չեմպիոններ և բազմաթիվ այլ անվանի գեղասահորդներ, որոնց հետ արդեն շուրջ մեկ տարի աշխատում է հայտնի պարուսույց և բեմադրիչ Դմիտրի Լապշինը։ APPA-ի բեմադրող նկարիչները նոր ներկայացման համար մշակել են բարդագույն դեկորացիաներ: Մուլտիմեդիայի տեխնոլոգիաների մասնագետները շոուի համար ստեղծել են յուրահատուկ արտապատկերումներ և հատուկ էֆեկտներ։ Կլինեն ֆանտաստիկ հսկայական ջահեր ամրոցի համար, քաղաքային մեծ լամպեր և շատ ավելին: 

-Իսկ ո՞վ է կոստյումների հեղինակը: 

-Արդեն 25 տարի է՝ աշխատում եմ Հայաստանի ամենապրոֆեսիոնալ նկարիչ, հագուստի մոդելավորող Կարինե Դնոյանի հետ, որը ստեղծել է բազմաթիվ կոստյումներ մեր նախագծերի համար: «Ալենի կախարդական հեքիաթը» սառցե շոուի համար արդեն մշակվել է ավելի քան 80 անհատական կոստյում, որոնց շնորհիվ յուրաքանչյուր գեղասահորդ կերպարանափոխվում է հեքիաթային հերոսի՝ սառույցի վրա փայլելով որպես մի թանկարժեք գոհար: Շոուին գեղասահորդներից բացի մասնակցում են նաև կրկեսային ակրոբատներ, հոկեյիստներ և երկրորդ պլանի արտիստներ: Մենք ստեղծում ենք բեմադրություն, որը կմտնի Հայաստանի գեղասահքի պատմության, Հայաստանի գեղասահորդների և ձեր կյանքի պատմության մեջ: Բայց ամենակարևորն այն է, որ միշտ ապրի մեր հերոս Ալենի հեքիաթը:

Հանդիսատեսն «Ալենի կախարդական հեքիաթը» սառցե շոուն դիտելու հնարավորություն կունենա դեկտեմբերի 20-ին և 21-ին «Գազպրոմ Արմենիա» սպորտային համալիրում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում