Մշակույթ

Երևանում բացվեց ճապոնական մանգայի արվեստի գործերի միջազգային շրջիկ ցուցահանդեսը

3 րոպեի ընթերցում

Երևանում բացվեց ճապոնական մանգայի արվեստի գործերի միջազգային շրջիկ ցուցահանդեսը

 

 

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում սեպտեմբերի 10-ին բացվեց ճապոնական մանգայի (կոմիքսներ) արվեստի գործերի միջազգային շրջիկ ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Manga Hokusai Manga» խորագրով ցուցահանդեսը 

կազմակերպվել է Ճապոնիայի հիմնադրամի, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ:

Բացման խոսքում՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական նշեց, որ հետևելով ցուցահանդեսի հաջողությանն աշխարհի բազմաթիվ երկրներում,այն առաջին անգամ ներկայացվում է նաև Հայաստանում:

«Այսօր՝ Հոքուսայ մանգայի առաջին հատորի հրատարակումից ավելի քան 200 տարի անց,Կացուշիկա Հոքուսայի և նրա ժամանակակից այլ նկարիչների ստեղծած հարուստ վիզուալ պատկերները շարունակում են գրավել մեզ: Այս ցուցահանդեսը, ներկայացնելով ժամանակակից ճապոնական մանգայի՝ այսօր համաշխարհային ճանաչում վայելող ժանրի և Հոքուսայի մանգայի նմանություններն ու տարբերությունները, նպատակ ունի բացահայտելու ճապոնական մշակույթի այս յուրօրինակ ճյուղի հմայքը»,-նշեց դեսպանը՝ համոզմունք հայտնելով, որ ցուցահանդեսին ներկայացված ազատ երևակայությամբ լեցուն ստեղծագործությունները հնարավորություն են տալիս տեսնելու մանգայի մշտապես զարգացող արտահայտչաձևերը:

Նրա դիտարկմամբ՝ ցուցահանդեսի կարևորագույն պահերից մեկը ժամանակակից մանգակայի նոր ստեղծագործությունների 7 հավաքածուն է՝ պատրաստված Հոքուսայի և նրա մանգայի թեմայով: 

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանն ընդգծեց, որ Հայաստանն ու Ճապոնիան իրենց պատմությամբ ու մշակույթով շատ ընդհանրություններ ունեն և նման մշակութային փոխանակման ցուցահանդեսները կօգնեն ավելի սերտացնել երկու ազգերի հարաբերությունները:

Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանի խոսքով՝ցուցահանդեսը բաղկացած է չորս հատվածից, որոնք ներկայացնում են մանգայի արվեստի զարգացումը, սկսած՝ 19-րդ դարից:

«Ես ողջունում եմ նման ցուցահանդեսները, որոնք ներկայացնում են աշխարհի մյուս երկրների պատմությունը: Ինչքան էլ երիտասարդությունը ծանոթ է այս ամենին զուտ մուլտիպլիկացիայի ձևով, բայց այն, ինչ այստեղ կարող են տեսնել պատմությանը ծանոթանալ, դա ավելի հետաքրքիր է, որպեսզի տեղեկանաս, թե որտեղից է ստեղծվել և ինչու է հիմա այսպես դարձել»,- ասաց թանգարանի տնօրենը՝ կարևորելով մանգան որպես ճապոնական փիլիսոփայությունը մարդկանց փոխանցելու միջոց:

Ավետիսյանի տեղեկատվությամբ՝ ցուցահանդեսը Ժամանակակից արվեստի թանգարանում բաց կլինի մինչև սեպտեմբերի 30-ը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում