Նկարչուհի Հռիփսիմե Գրիգորյանը 75-ամյակը տոնեց անհատական ցուցադրության բացմամբ
4 րոպեի ընթերցում

Նկարչուհի Հռիփսիմե Գրիգորյանի 75-ամյակին նվիրված անհատական ցուցադրության մեջ ընդգրկված է արվեստագետի 24 աշխատանք։ Կտավները, որոնցում մարդն է, բնությունն է, նրանց հարաբերություններն ու կապերն են, ծանոթացնում են Գրիգորյանի արվեստի վառ և հարուստ գունապնակին։
Ցուցադրությունը բացվեց սեպտեմբերի 10-ին Հայաստանի ազգային պատկերասրահում։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նկարչուհին ասաց, որ իր ստեղծագործությունները բազմաժանր են՝ աբստրակտ, մոդեռն, գեղանկարչություն և այլն, իսկ ոգեշնչման հիմնական աղբյուրը բնությունն է։
«Բնությունն իմ լուռ ուսուցիչն է։ Ոչ մի բուհ, ոչ մի մանկավարժ ինձ այնքան չեն սովորեցրել, որքան բնությունն իր լռությամբ»,-նշեց Գրիգորյանն ու հավելեց՝ հոբելյանական ցուցադրության շրջանակում աշխատել են ներառել ստեղծագործություններ, որոնք հնարավորություն կտան պատկերացում կազմել իր անցած ստեղծագործական բոլոր փուլերի մասին։
Ցուցահանդեսի համադրող Զառա Դիլանյանը պատմեց, որ Հռիփսիմե Գրիգորյանին ճանաչում է շուրջ քսան տարի։ Կարծում է՝ Գրիգորյանն այն կանանցից է, որի հետ շփվելիս լավատեսությամբ և կենսախնդությամբ ես լցվում. այդպիսին է նաև նրա արվեստը։

«Նա նատյուրմորտներ, բնանկարներ, դիմանկարներ, գրաֆիկական թեմատիկ ու վերացական աշխատանքներ է ստեղծում, սակայն ամենանախընտրած ժանրը բնանկարն է։ Բնությունն է նրան հուշում օրվա թեման։ Հայրենի բնությունից ոգեշնչված շատ գործեր ունի, որոնցում Գրիգորյանի ուրույն և երևակայական աշխարհն է»,-ընդգծեց համադրողը։
Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը Հռիփսիմե Գրիգորյանի հետ ծանոթացել է, երբ նա նոր է սկսել նկարել։ Նկարիչը հավատացած է՝ եթե մի բանի ձգտում ես, հավատում ես, անպայման կհաջողես։ «Հռիփսիմեն այդպիսին է. շատ աշխատասեր է, պատասխանատու, նվիրված։ Երևում է, որ այս աշխատանքները սիրով են արված։ Այն զգացողությունները, որոնք փոխանցում ես կտավին, անպայման տեսնում է նաև դիտողը»,-ասաց Թադևոսյանը՝ կրկին շնորհավորելով հոբելյարին։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն էլ կարևորեց այն փաստը, որ Հռիփսիմե Գրիգորյանը միության ակտիվ անդամներից է, մշտապես մասնակցում է բոլոր ցուցադրություններին։ Սաֆարյանի խոսքով՝ նա աշխատասեր, անձնվեր արվեստագետ է։

Հռիփսիմե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին՝ նշելով, որ ցուցադրություններով ներկայացել է տարբեր երկրներում, սակայն իր համար հատկապես կարևոր և պատասխանատու է այս ցուցահանդեսը, քանի որ ներկա են գործընկերները, ընտանիքի անդամներն ու հարազատները։
Հռիփսիմե Գրիգորյանը 2000 թվականից Հայաստանի նկարիչների միության, իսկ 2010 թվականից Հայ նկարիչների համաշխարհային միության անդամ է։ Մասնակցել է մի շարք խմբային ցուցահանդեսների հայրենիքում և արտերկրում, ունեցել է նաև 10-ից ավելի անհատական ցուցահանդեսներ, որոնցից երկուսը՝ Կիևում։ Գրիգորյանի աշխատանքները պահվում են Հայաստանի և արտերկրի տարբեր թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։
Հռիփսիմե Գրիգորյանի գունաշխարհը համահունչ է իր վառ անհատականությանը։ Իրեն հատուկ երփներանգ գունաբծերով ու քնարականությամբ է նկարչուհին պատկերում շրջակա աշխարհը, մարդկանց, բնության հրաշալի երևույթները։