«Նպատակ» միջազգային ճարտարապետական փառատոնը Հայաստան է բերել հեղինակավոր ստուդիաների ներկայացուցիչների

4 րոպեի ընթերցում

«Նպատակ» միջազգային ճարտարապետական երրորդ փառատոնը, որն անցկացվում է սեպտեմբերի 9-ից 14-ը Երևանում, հյուրընկալել է տարբեր երկրներից ժամանած առաջատար ճարտարապետական ստուդիաների։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնին դասախոսություններով և քննարկումներով հանդես կգան 10 միջազգային ստուդիաների ներկայացուցիչներ՝ OFFICE KGDVS-ը (Բրյուսել, Բելգիա), Neri&Hu-ն (Շանհայ, Չինաստան), Studio Muoto-ն (Փարիզ, Ֆրանսիա), NOMOS-ը (Ժնև, Շվեյցարիա / Լիսաբոն, Պորտուգալիա / Մադրիդ, Իսպանիա), DF-DC-ն (Լոնդոն, Անգլիա), Förstberg Ling-ը (Մալմո, Շվեդիա), Anna & Eugeni Bach-ը (Բարսելոնա, Իսպանիա), PIOVENEFABI-ն (Միլան, Իտալիա / Բրյուսել, Բելգիա), Langarita Navarro Architects-ը (Մադրիդ, Իսպանիա) և DRDH ստուդիան (Լոնդոն, Անգլիա)։  

«Նպատակ» հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն Արինե Քեշիշին շեշտեց՝ վեցօրյա փառատոնին երեք օր դասախոսություններ են անցկացվելու, նախատեսվում են  քննարկումներ միջազգային և տեղացի ճարտարապետների մասնակցությամբ, քաղաքային տուրեր։ «Նախորդ տարիներին ևս հայտնի ստուդիաներ են մասնակցել փառատոնին։ Մեր փորձն ու կապերը հնարավորություն են տվել այս տարի ավելի ճանաչված և բարձրակարգ ճարտարապետական ստուդիաների հրավիրել Հայաստան»,-ասաց նա և հավելեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են նաև ուսանողները։ Ի սկզբանե հիմնադրամն աշխատարաններ է կազմակերպել ուսանողների համար. թե՛ փառատոնին, թե՛ հիմնադրամի այլ նախաձեռնություններին մշտապես մասնակցում են ոչ միայն հայտի մասնագետներ, այլև ուսանողներ։

 

Քեշիշիի խոսքով՝ փառատոնը փորձի փոխանակման լավ հարթակ է, նպաստում է Հայաստանի՝ միջազգային հարթակներում ներկայանալուն և այն ճանաչելի դարձնելուն, ինչպես նաև միջազգային փորձը Հայաստան բերելուն։

«Նպատակ» հիմնադրամի և փառատոնի համահիմնադիր Հայկ Շահինյանն էլ ընդգծեց, որ փառատոնը նախաձեռնել են ոչ միայն այն պատճառով, որ ճարտարապետության ոլորտում որոշ բացեր են նկատել, այլև Հայաստանի և աշխարհի ճարտարապետական հանրության հետ ակտիվ երկխոսություն սկսելու նպատակով։ «Եվրոպայում, Ասիայում, առհասարակ աշխարհում ճարտարապետական երկխոսությունը  զանազան է և ակտիվ, խոսքը ոչ միայն կառուցապատմանն ու շենքեր նախագծելուն է վերաբերում, այլև ճարտարապետության տեսությանը, ոլորտի շուրջ քննարկումներին։ Հայաստանը բավականին երկար ժամանակ դուրս է մնացել այդ երկխոսությունից, և մենք փորձում ենք այդ բացը լրացնել, տեսնել, թե Հայաստանից դուրս ինչ է կատարվում և հակառակը»,-նշեց Շահինյանը։

Նա տեղեկացրեց, որ վերջին շրջանում Հայաստանում իրականացվել են ճարտարապետական տարբեր նախագծեր, որոնցից մեկին մասնակցել է միջազգային այն ստուդիաներից մեկը, որը հյուրընկալվել է առաջին փառատոնին։ Շահինյանը կարծում է, որ այդ երկխոսությունը պետք է շարունակական լինի, չսահմանափակվի մի քանի միջոցառմամբ, և Հայաստանն իրեն համարի համաշխարհային ճարտարապետական դիսկուրսի մի մաս, կարողանա հավասար պայմաններում քննարկել ժամանակակից ճարտարապետությանը վերաբերող հարցերը։

Փառատոնային միջոցառումները կանցկացվեն Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, Առնո Բաբաջանյան համերգասրահում, Woods կենտրոնում և այլ վայրերում։ 

«Նպատակ» կրթական նախաձեռնությունը ստեղծվել է 2021 թվականին մի խումբ ճարտարապետների կողմից։ «Նպատակ»-ի հիմնադիրներն են Հայկ Շահինյանը, Կարեն Բերբերյանը, Արմեն Հակոբյանը և Արինե Քեշիշին: Այն հարթակ է, որի նպատակն է զարգացնել ճարտարապետական կրթությունը և խթանել հայկական ճարտարապետության, երիտասարդ տաղանդների միջազգային տեսանելիությունն ու մրցունակությունը։

 

Հայերեն

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ