Իրան

Իրանի արտգործնախարարը Կահիրեում հանդիպել է եգիպտացի գործընկերոջ հետ

2 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարարը Կահիրեում հանդիպել է եգիպտացի գործընկերոջ հետ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին սեպտեմբերի 9-ին Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Ատիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Իրանի և Եգիպտոսի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպը, երկու կողմերն էլ հաստատել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում այս ուղին շարունակելու իրենց վճռականությունը, այդ թվում՝ տնտեսության, առևտրի, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում հարաբերություններն ամրապնդելու նպատակով։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների, մասնավորապես՝ «Գազայում շարունակվող ցեղասպանության հետևանքով Պաղեստինում տեղի ունեցող մարդասիրական աղետի վերաբերյալ՝ ընդգծելով մարդասիրական օգնություն ցուցաբերելու, ցեղասպանությունն ու հանցագործությունները դադարեցնելու և Գազայի բնակիչներին իրենց հողերից բռնի տեղահանելու ծրագիրը կանխելու անհրաժեշտությունը»։

Անդրադառնալով Իրանի միջուկային հարցին՝ Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը՝ պաշտպանելու իր իրավունքներն ու շահերը՝ համաձայն Ատոմային զենքի չտարածման մասին պայմանագրի։ Նա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հունիսին իր երկրի դեմ իրականացված հարձակումները որակել է որպես ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքներին հասցված կործանարար հարված։

Եգիպտոսի ԱԳ նախարարն իր հերթին հաստատել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ բոլոր պետությունների իրավունքը միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու վերաբերյալ։ Նա բարձր է գնահատել Իրանի պատասխանատու մոտեցումն այս հարցում՝ հայտարարելով Եգիպտոսի պատրաստակամությունը՝ նպաստելու Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցությանը։

Աբբաս Արաղչիի գլխավորած դիվանագիտական ​​​​պատվիրակությունը Կահիրեում բանակցություններ կվարելի նաև եգիպտացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում