«Երկրները մեկ հարկի տակ» միջազգային համաժողովը կհամախմբի 200-ից ավելի գործարարի
3 րոպեի ընթերցում

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախաձեռնությամբ Երևանում կանցկացվի «Երկրները մեկ հարկի տակ» միջազգային համաժողով-մրցանակաբաշխությունը։ Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին անցկացվող համաժողովը մեկ հարկի տակ համախմբելու է 200-ից ավելի գործարարի տարբեր ոլորտներից։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը նշեց, որ սպասում են պատվիրակություններ 11 երկրից։
«Հայաստան են գալու ԱՄՆ-ից, Չեխիայից, Կիպրոսից, Ռուսաստանից, Կանադայից, Իրանից և այլ երկրներից։ Մեր գործընկերները ներկայացնում են ֆինանսական, կառավարման, զբոսաշրջության, ապահովագրության, բիզնես ոլորտները։ Համաժողովի ընթացքում ինչպես լինելու են մասնագիտական ելույթներ, այնպես էլ գործարար կապերի ամրապնդմանն ուղղված հնարավորություններ։ Միջոցառմանը շեշտը դնելու ենք միջազգային գործընկերներին Հայաստանի տնտեսական, արտադրական հնարավորություների ներկայացման վրա, իսկ հայաստանյան գործարարները կկարողանան կապեր հաստատել միջազգային գործընկերների հետ»,-ասաց Մարիամ Մանուկյանը։

Համաժողովը նաև ունի պարգևատրման բաղադրիչ։ Մասնավորապես, 25 անվանակարգում Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը պարգևատրելու է գործարարներին, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, այն կառույցներին ու մարդկանց, որոնք վերջին տարիներին իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում։
Համաժողովն ունենալու է նաև սոցիալական բաղադրիչ։ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդն իր աջակցությունն է հայտնելու «Իմ ուղի» կրթական կենտրոնին, որի ուշադրության կենտրոնում աուտիզմ ունեցող երեխաների խնդիրներն են։
Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի տնօրեն Տիգրան Ղազարյանը տեղեկացրեց, որ նման համաժողովների ու միջացոռւմների շրջանակում բիզնեսի ներկայացուցիչների համար գործարար կապերի հաստատման հնարավորություններ ստեղծելուց զատ նաև իրականացնում են կրթական ծրագրեր։

«Մեր գլխավոր գործառույթներից է հայկական բիզնեսի կարողությունների զարգացումը։ Դա իրականացվում է կրթական ծրագրերի, խորհրդատվության միջոցով։ Վերցրել ենք միջազգային հաջողված փորձը և այդ մոդելով սկսել ենք աշխատել հայկական բիզնեսի հետ։ Մենք նպաստում ենք կարողությունների զարգացմանը նոր շուկաներ գտնելու, արտադրության որակը նոր շուկաների պահանջներին համապատասխանելու առումով։ Մենք հնարավորություն ենք տալիս նաև հայկական բիզնեսին ծանոթանալ ֆինանսական ոլորտի կարևոր ընկերությունների, ներմուծողների հետ»,-ասաց Տիգրան Ղազարյանը։
Կրթական ծրագիրը մեկնարկում է սեպտեմբերի 25-ին։
