Մշակույթ

Հրազդանում բացվում է նոր կամերային թատրոն

2 րոպեի ընթերցում

Հրազդանում բացվում է նոր կամերային թատրոն

Հրազդանում sեպտեմբերի 10-ին իր դռները կբացի նորաստեղծ կամերային թատրոնը։ Թատրոնի բացումը կնշանավորվի Հերման Ռաուչերի «Քաղցրիկ նոյեմբեր» գործի հիման վրա բեմադրված «Շտապիր սիրել» ներկայացմամբ։ 

Բեմադրության ռեժիսոր Արմեն Մարգարյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նկատեց՝ Ռաուչերի ստեղծագործությանը վաղուց է ծանոթ.

«Այն ինձ գերել է անմիջականությամբ, երկխոսությունների բազմաշերտ կառուցվածքով, ազատամտությամբ, խորությամբ ու անսահման երևակայելու հնարավորությամբ։ «Շտապիր սիրել»-ը բացարձակ սիրո մասին է, որը կոտրում է կարծրատիպերը և չի ճանաչում սահմաններ»։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ներկայացման պրոդյուսեր Շահեն Փանոսյանն ընդգծեց, որ Հրազդանում կամերային թատրոն ունենալը տարիներ շարունակ եղել է իր և շատերի երազանքը։ 

«Ինստիտուտի տարիներից մտածել եմ, որ Հրազդանում պետք է լինի կամերային թատրոն։ Այժմ այդ երազանքը իրականություն է դարձել։ Թատրոնը տեղակայված է Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցում, որը թատերական ուղղվածությամբ հայտնի կրթօջախ է։ Այստեղ են սովորել Նարինե Գրիգորյանը, Տիգրան Գյուլումյանը, նաև ես և կինս։ Բնական էր, որ այս դպրոցում պետք է ծնվեր կամերային թատրոն։ Ժամանակը հասունացել էր, և առաջին ներկայացմամբ էլ մեկնարկում է թատրոնի գործունեությունը»,- շեշտեց նա: 

Ներկայացման դերակատարներն են Էլեն Գևորգյանը, Հայկ Պետրոսյանը և Անդրանիկ Անտոնյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում