Աֆղանստանն ավերիչ երկրաշարժից հետո ստացած աջակցության և ցավակցությունների համար շնորհակալություն է հայտնել մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանին
2 րոպեի ընթերցում

Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, միջազգային կազմակերպություններին և մարդասիրական գործակալություններին՝ երկրի արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության, ցավակցությունների և կարեկցանքի և համերաշխության համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աֆղանստանի ԱԳՆ-ն այդ մասին գրել է X-ի միկրոբլոգում՝ հրապարակելով նաև այն երկրների դրոշները, որոնց կողմից եղել է ցավակցության և կարեկցանքի հայտարարություններ, ինչպես նաև աջակցություն։
Այդ երկրների թվում նշված է նաև Հայաստանը։
تُعرب وزارةُ خارجية إمارة أفغانستان الإسلامية عن شكرها وتقديرها للدول والمنظمات الدولية والهيئات الإغاثية، على ما عبّروا عنه من تعازٍ ومواساة وتضامن إنساني، وما قدّموه من مساعدات، وذلك عقب الخسائر البشرية والمادية الناجمة عن الزلزال الأخير في شرق البلاد. pic.twitter.com/cuDUWJSYuL
— Ministry of Foreign Affairs - Afghanistan (@MoFA_Afg) September 8, 2025
«Աֆղանստանի Իսլամական Էմիրության Արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն և գնահատանք է հայտնում երկրներին, միջազգային կազմակերպություններին և մարդասիրական օգնության գործակալություններին՝ երկրի արևելքում վերջերս տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մարդկային և նյութական կորուստներից հետո ցուցաբերած աջակցության, ինչպես նաև ցավակցությունների, կարեկցանքի և համերաշխության համար»,- ասված է հայտարարության մեջ։
Աֆղանստանի արևելքում օգոստոսի 31-ի ուշ երեկոյան 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 2205-ի, վիրավորների թիվը՝ 3640-ի։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը X-ի միկրոբլոգում ցավակցություն էր հայտնել Աֆղանստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Աֆղանստանի ժողովրդին, որը տուժել է վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից, որոնք խլեցին հարյուրավոր կյանքեր»,- նշել էր ԱԳՆ-ն։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն ուժ և արագ ապաքինում էր մաղթել երկրաշարժից տուժածներին։