Երևան

Պետք է հրաժարվել աղբը բակերում կուտակելու սովորույթից և սերտել միջավայրը մաքուր պահելու մշակույթը. Երևանում անցկացվեց հերթական շաբաթօրյակը

5 րոպեի ընթերցում

Պետք է հրաժարվել աղբը բակերում կուտակելու սովորույթից և սերտել միջավայրը մաքուր պահելու մշակույթը. Երևանում անցկացվեց հերթական շաբաթօրյակը

Երևանի քաղաքապետարանն ու Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները Զաքյան 4 հասցեում գտնվող հարակից շենքերի բակում իրականացրին հերթական շաբաթօրյակը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետի օգնական Արման Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Կենտրոն վարչական շրջանում իրականացվող շաբաթօրյակը շարունակական գործընթացի մի մասն է, որովհետև ավելի վաղ նման միջոցառումներ իրականացվել են ևս երկու վարչական շրջաններում։

«Նախաձեռնության համաձայն՝ յուրաքանչյուր շաբաթ օր այցելում ենք մայրաքաղաքի վարչական մեկ շրջան։ Մեր գործընկերների՝ Երևանի աղբահանության կազմակերպության և Կանաչապատման ՊՈԱԿ-ի հետ մտնում ենք բակեր, որտեղ մեզ միանում են տվյալ վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները։ Համատեղ ջանքերով իրականացնում ենք մաքրման աշխատանքներ։ Հասցնում ենք լինել գրեթե բոլոր բակերում։ Առհասարակ աղբահանություն իրականացվում է ամեն օր, իսկ սանմաքրումը շաբաթվա մեջ գոնե մեկ օր՝ սահմանված գրաֆիկի համաձայն։ Աշխատանքի ծավալները բավականին մեծ են, որովհետև աղբը շատ է գեներացված բակերում, հետևաբար փորձում ենք շաբաթօրյակների շնորհիվ ունենալ գեղեցիկ ու մաքուր միջավայր»,- ասաց Անդրեասյանը։  

Նա հավելեց, որ հաջորդ շաբաթ օրը կայցելեն Արաբկիր վարչական շրջան։ Անդրեասյանը  վարչական շրջանների ղեկավարների հետ նախապես այցելում է բակեր, գնահատում կարիքները, հստակեցնում իրականացվելիք աշխատանքների ծավալներն ու որոշում ներգրավվող տեխնիկայի քանակը։  

«Գրեթե բոլոր տեղերում նույն պատկերն է։ Կուտակված շատ աղբ կա, հետևաբար կոչ ենք անում բնակիչներին հնարավորինս մաքուր պահել միջավայրը, առավել ևս, որ քաղաքապետարանն ամեն ինչ արել է, որպեսզի աղբը չհայտնվի գետնին, այլ դրա համար նախատեսված տեղերում»,- ասաց քաղաքապետի օգնականը։ 

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանն իր հերթին նշեց, որ շաբաթօրյակներն, ըստ էության, կոմպլեքս լուծումներ են՝ ներառելով տարատեսակ աշխատանքներ։

«Այս գործընթացն իրականում անվերջ է։ Կարճ ժամանակամիջոցով այստեղ հավաքեցինք մի քանի պարկ տարատեսակ աղբ։ Մեզ մոտ այս պահին ունենք 35 բակային մաքրողներ, մինչդեռ բակերի քանակն անցնում է 300-ից։ Նախանշել ենք աշխատանքային ժամանակացույց, ըստ որի՝ յուրաքանչյուր շաբաթ այցելում ենք բակեր։ Ցավով պիտի նշեմ, որ մաքրելուց հետո հաջորդ օրն իրականացվող շրջայցերի ժամանակ ականատես ենք լինում նույն կեղտոտ տեսարանին։ Չգիտես, թե որտեղից է մեզ մոտ առաջացել այսքան աղբ գեներացնելու գործելակերպը։ Քաղաքապետարանն իսկապես արել է հնարավոր ամեն ինչ՝ ստեղծելով համապատասխան ենթակառուցվածքներ աղբահանության ոլորտում։ Բակերում տեղադրվել են նույնիսկ աղբի ու թափոնների տեսակավորման համար նախատեսված աղբամաններ, բայց մարդիկ նորից շարունակում են աղբը գետնին թափել կամ առանձին տեղերում թաքցնել»,-ասաց Պետոյանը։  

Նրա դիտարկմամբ՝ շաբաթօրյակների լուսաբանումը քարոզչական աշխատանքի մաս է կազմում և կարող է հետզհետե բնակիչներին ներգրավել բակերի մաքրման աշխատանքներում։ 

«Շատերը կողքից կամ պատուհաններից խորհուրդներ են տալիս, սակայն երբեք չեն միանում գործընթացին, թեև նկատելի է, որ մեզ օգնողների քանակը հետզհետե ավելանում է։ Առաջին հայացքից իսկապես շատ զարմանալի է, թե ինչպես կարող են մարդիկ այսքան աղբ գեներացնել բակերում։ Մեր պայմաններում և ներկա ժամանակներում նախկին կարգախոսներն այլևս արդյունավետ չեն, գուցե, պետք են ավելի ազդեցիկ կարգախոսներ, որովհետև մարդկանց կողմից կուտակված աղբն իր բացասական կնիքն է թողնում միջավայրի վրա։ Կարելի է նաև խստացնել պատասխանատվությունը՝ սահմանելով ավելի մեծ տույժ-տուգանքներ շրջակա միջավայրը կեղտոտելու համար։ Մեր բնակիչներին թախանձագին հորդորում ենք չաղտոտել տարածքը ու ի վերջո հետևել միջավայրը մաքուր պահելու մշակույթին»,- նշեց Պետոյանը։  

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հավելեց, որ ցանկացած պահի և ցանկացած վայրում մաքուր միջավայր ստեղծելու նմանօրինակ նախաձեռնությունն ունի մուլտիպլիկատիվ ազդեցություն, այսինքն՝ ինչ-որ պահից սկսած կարող է ներառել ավելի մեծ թվով բնակիչների։  

«Պետք է այնքան մաքրենք ու միջավայրը բերենք ցանկալի տեսքի, որ հասարակությունն էլ սովորական ընդունի այդ գործելակերպը՝ այլևս աղբ չթափելով գետնին»,- ասաց Պետոյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում