Հասարակական

Ռազմավարական գործընկերության ոգուն համահունչ. «Արմենպրես»-ն ու «Սինխուա»-ն համագործակցության նոր փուլի սկիզբ են դրել

5 րոպեի ընթերցում

Ռազմավարական գործընկերության ոգուն համահունչ. «Արմենպրես»-ն ու «Սինխուա»-ն համագործակցության նոր փուլի սկիզբ են դրել

Հայաստանի պետական «Արմենպրես» և Չինաստանի «Սինխուա» լրատվական գործակալությունները համագործակցության նոր համաձայնագիր են ստորագրել, որը հնարավորությունը կտա ընդլայնել գործակցության շրջանակը, նոր որակի բերել նորությունների փոխանակման գործընթացը, նպաստել երկու ժողովուրդների մերձեցմանը։ 

Չինաստանի Կունմին քաղաքում անցկացվող Global South Media and Think Tank Forum 2025-ի շրջանակներում կայացել է «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանի և «Սինխուա» լրատվական գործակալության նախագահ Ֆու Խուայի հանդիպումը։

20250905_090055(1).jpg

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանն ընդգծել է, որ Հայաստանի և Չինաստանի երկու կարևորագույն լրատվական գործակալությունների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը համահունչ է երկու պետությունների միջև ռազմավարական գործընկերության մասին օգոստոսի 31-ին ընդունված հայտարարության ոգուն։  

«Թեև «Արմենպրես»-ի և «Սինխուա»-ի միջև գործակցության հիմքերը դրվել են դեռևս 2009 թվականից, սակայն համագործակցության այս համաձայնագիրը երկու ժողովուրդներին մերձեցնելու մեր վճռականության մասին է, միմյանց հասարակություններին երկու երկրների տնտեսական, մշակութային, հումանիտար կյանքին հաղորդակից դարձնելու հանձնառության, միմյանց հաջողության պատմություններն աշխարհին հասանելի դարձնելու առաքելության մասին։ Համագործակցության այս համաձայնագրով երկու գործակալությունները կիրականացնեն նյութերի, լուսանկարների փոխանակում, մասնագիտական փոխայցեր, ամենօրյա կապի միջոցով կքննարկեն միմյանց հետաքրքրող ոլորտներն ու կաջակցեն նյութերի պատրաստմանը։ Մենք հավատում ենք, որ աշխարհում, որտեղ այլևս ջնջված են հումանիտար, մշակութային հաղորդակցության սահմանները, տեխնոլոգիաների զարգացումը հանգեցրել է լրատվական արտադրական շղթայի գերարագացման, լրատվական կամուրջների կառուցումն ավելի կիրթ, իրազեկ, գիտակ ու հասուն հասարակություններ կերտելու լավագույն ճանապարհն է։ Շնորհակալություն եմ հայտնում մեր թիմերին` համաձայնագրի համաձայնեցման գործում ներդրած ջանքերի համար և հաջող ընթացք եմ մաղթում մեր գործակցությանը»,- ասել է Նազարյանը։ 

«Սինխուա»-ի նախագահ Ֆու Խուան ևս ուրախություն է հայտնել համաձայնագրի ստորագրման առիթով` ամուր ու արդյունավետ գործակցության հույս հայտնելով։

«Արմենպրես» լրատվական գործակալության և «Սինխուա» լրատվական գործակալության միջև համագործակցությունը սկզբնավորվել էր դեռևս 2009 թվականին՝ համագործակցության համաձայնագրի կնքմամբ, որը, սակայն, ուժը կորցրած է համարվում նոր համաձայնագրի ստորագրմամբ։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև Չինաստանի Թիենծին քաղաքում տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը հայտարարել էին ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին, որի վերաբերյալ ընդունվել էր համատեղ հայտարարություն։ Այդ հայտարարության մեջ կողմերը նաև մեդիայի ոլորտում համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել։ 

«Արմենպրես»-ի համագործակցությունը չինական լրատվամիջոցների հետ չի սահմանափակվում միայն «Սինխուա»-ի հետ գործակցությամբ։ Հայկական պետական լրատվական գործակալությունը համագործակցում է նաև China Daily-ի, ССTV-ի հետ, ինչպես նաև BRNN մեդիա կազմակերպության անդամ է։ 

«Արմենպրես»-ը լուրերի և մեդիաբովանդակության փոխանակման համաձայնագրեր ու հուշագրեր է կնքել ավելի քան 35 լրատվական գործակալությունների և մեդիակազմակերպությունների հետ ամբողջ աշխարհում։ 

Դրանց շարքում են EFE, ANSA, WAM, Xinhua, TASS, Moldpres, BTA, Ruptly, China Daily, IRNA, Mehr Media Group և շատ այլ լրատվականներ, որոնց ամբողջական ցուցակը կարող եք տեսնել այստեղ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում