Մշակույթ

Երևանյան 5-րդ հոբելյանական բիենալեն դարձել է Հայաստանի մշակութային ներուժն աշխարհին ցույց տալու բացառիկ հարթակ

7 րոպեի ընթերցում

Երևանյան 5-րդ հոբելյանական բիենալեն դարձել է Հայաստանի մշակութային ներուժն աշխարհին ցույց տալու բացառիկ հարթակ

«ՀայԱրտ» կենտրոնում կայացավ «Գեղարվեստական տպագրության հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ի մեկնարկին նախորդող պաշտոնական մամուլի ասուլիսը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 5-ից կմեկնարկի Հայաստանում կերպարվեստի բնագավառում իր ծավալով և տարածաշրջանում միակ «Գեղարվեստական տպագրության հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ը: Միջոցառման գլխավոր գործընկերներն են Երևանի քաղաքապետարանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: 

Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալե»-ի հիմնադիր, «Մշակութային երկխոսություն» կազմակերպության հիմնադիր-նախագահ Սոնա Հարությունյանն իր խոսքում նշեց, որ նման միջոցառումն իրականություն դարձնելու ճանապարհին կազմկոմիտեն շատ արագ հասավ հաջողության, ինչը պայմանավորված է նվիրյալ անձանց աշխատանքով։    

«Բիենալեի հաջողությունը պայմանավորված է նաև մեր բոլոր գործընկերների ջանքերով, որոնց շնորհիվ բիենալեն ձեռք բերեց միջազգային լայն ճանաչում։ Այդ գործում նշանակալի է մեր պետության կողմից ցուցաբերվող աջակցությունը։ Առհասարակ եթե որևէ պետություն ներկայացնում է իր մոտ բիենալե անցկացնելու հայտ, ապա դա խոսում է այն մասին, որ այդ պետությունը հավակնում է ընդգրկվել միջազգային արվեստի դաշտում։ Ուրախ ենք, որ բիենալեի հիմնադրման օրվանից ի վեր Երևանի քաղաքապետարանը և ԿԳՄՍ նախարարությունը սատարեցին մեզ՝ հնարավորություն ընձեռելով իրագործել այն գաղափարը, որն ի սկզբանե ծնվել էր շատ նեղ շրջանակում։ Առավել ուրախալի է, որ մեր նախաձեռնությանը միացել են ՀՀ-ում հավատարմագրված գրեթե բոլոր դեսպանությունները»,-ասաց Հարությունյանը։ 

Նա հավելեց, որ դեռ 2017 թվականին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և երևանյան բիենալեի կազմկոմիտեն մեկնարկեցին ինստիտուցիոնալ համագործակցություն։ Հարությունյանը շեշտեց, որ Հայաստանում իրականացված բարեփոխումներից հետո ինստիտուցիոնալ համագործակցությունը ցանկացած ոլորտում և ցանկացած քաղաքականության մեջ սահմանվեց որպես գերակայություն և առաջնահերթություն։    

Հարությունյանը տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա բիենալեի ուշադրության կիզակետում են հայտնվել հատկապես սկանդինավյան երկրները, քանի որ առաջին անգամ հաջողվեց Երևանում կազմակերպվելիք միջոցառման վրա սևեռել Նորվեգիայի Սոնիա թագուհու անվան հիմնադրամի ուշադրությունն ու հետաքրքրությունը, և այդ հիմնադրամի նախագահ Թրուդե Գոմես Ուգելստադն ընտրվել է «Գեղարվեստական տպագրության հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ի ժյուրիի նախագահ։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն իր հերթին նշեց, որ ասուլիսի վայրը հայ անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի թողած ժառանգության հրաշալի նմուշներից մեկն է, որը հետզհետե վերադառնում է հանրությանը, վերադառնում է դեպի արվեստ՝ ստանալով նոր կյանք և շնչառություն։ 

«Նման ունիվերսալ կառույցի սրտում հերթական բիենալեի բացումն ինքնին խորհրդանշական իրադարձություն է, իսկ դրա միջազգային բնույթը բնորոշում է արվեստի մեջ տարբեր երկրների մշակույթների, տարբեր ուղղությունների ու շարժումների ներդաշնակումն ու համախմբվածությունը։ Մեզ համար բիենալեն կարևորվում է նաև այն առումով, որ ընձեռում է հայկական ստեղծագործական ներուժը հավուր պատշաճի աշխարհին ներկայացնելու հնարավորություն։ Գեղարվեստական տպագրությունն առհասարակ ոչ թե մասսայական, այլ ունիվերսալ և էլիտար արվեստ է, որը կապում է գործընկեր պետություններին, առավել ևս, որ մենք այս տարի ստացել ենք բիենալեին մասնակցելու հայտեր 63 երկրներից, ինչն իր հերթին ձևավորել է մասնագետների, արվեստագետների ու կազմակերպիչների յուրատեսակ ցանց»,- ասաց Դանիելյանը։

Նա հավելեց, որ հայկական կողմը բիենալեի բովանդակության մեջ առանձնացնում է նորարարության կիրառումը՝ ավանդական տեխնոլոգիաներից մինչև արհեստական բանականություն, ինչը համահունչ է Հայաստանի կողմից իրականացվող քայլերին։ Դանիելյանը գոհունակությամբ արձանագրեց երևանյան բիենալեի աշխարհագրության ընդլայնումը՝ շեշտելով, որ միայն մշակութային հարթակներում կարող են սերտորեն փոխկապակցվել Հյուսիսն ու Հարավը, Արևմուտքն ու Արևելքը։    

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Զարուհի Ազնաուրյանն էլ նշեց, որ տվյալ կառույցն իրականացնում է բազմաթիվ ոլորտային ծրագրեր, բայց մշակութային ծրագրերը համարվում են առանցքային հիմնադրամի գործունեության մեջ։    

«Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեն մայրաքաղաքի մշակութային կյանքում ոչ միայն նշանակալի իրադարձություն է, այլև հնարավորություն ունի ամրագրելու ՀՀ-ի դերը՝ որպես գեղարվեստական տպագրության կենտրոն տարածաշրջանում։ Այս փառատոնն՝ ի թիվս արվեստի այլ միջազգային փառատոնների, Երևան քաղաքում փոխում է մշակութային միջավայրը։ Կարևոր է, որ այն իր շուրջն է համախմբում հայ և օտարազգի փորձառու մասնագետների, որոնք իրենց ներդրումն ունեն տվյալ բազմաշերտ ծրագրի կայացման գործում։ Մեր հիմնադրամը տարիներ շարունակ աջակցություն ցուցաբերելով փառատոնին՝ նպատակ է ունեցել Հայաստանում խթանել գեղարվեստական տպագրության զարգացումը»,-ասաց Ազնաուրյանը։

Նա ընդգծեց այն հանգամանքը, որ նմանօրինակ փառատոնների ընթացքում իրականացվում են դասավանդումներ, ավելանում է ուսանողների քանակը, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում գեղարվեստական գրականության մեջ կիրառվող արդի տեխնոլոգիաների նկատմամբ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կարևորում է հատկապես միջազգային համագործակցության բաղադրիչը, ինչն էլ հնարավորություն է ընձեռում հայ արվեստագետներին միջազգային ասպարեզում դրսևորել իրենց փորձառությունն ու սեփական աշխատանքները ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում։  

Ասուլիսին ներկա էին նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ Իտալիայի, Նորվեգիայի, Դանիայի, Լեհաստանի դեսպանություններից, որոնք կարևորեցին Գեղարվեստական տպագրության երևանյան հինգերորդ միջազգային բիենալեի կարևորությունը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար։ Դիվանագետներն իրենց կառավարությունների անունից շնորհավորեցին հայկական կողմին և վերահաստատեցին հանձնառությունը՝ պատշաճ կերպով աջակցելու միջոցառմանը, ինչը կարող է նոր խթան հաղորդել Հայաստանի և գործընկեր պետությունների մշակութային համագործակցությանը։  

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում