Եվրոպա

Լոնդոնը գնահատում է բանակի պատրաստվածությունն Ուկրաինայում հնարավոր տեղակայման համար

3 րոպեի ընթերցում

Լոնդոնը գնահատում է բանակի պատրաստվածությունն Ուկրաինայում հնարավոր տեղակայման համար

Մեծ Բրիտանիան գնահատում է իր զորքերի պատրաստվածությունը՝ Ուկրաինայում նրանց հնարավոր տեղակայման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի  պաշտպանության նախարար Ջոն Հիլին խորհրդարանում ունեցած ելույթում, որի տեքստը տարածել է Բրիտանիայի կառավարությունը։

«Զինված ուժերի առումով ես ստուգում եմ պատրաստվածության մակարդակը և արագացնում ֆինասնավորումը՝ ցանկացած հնարավոր տեղակայման նախապատրաստվելու համար», - ասել է նա։

Նախարարը նշել է, որ ուկրաինացիները Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների սկզբից մինչև հիմա՝ արդեն երեքուկես տարի, շարունակում են պայքարել ազատության համար։

«Անվտանգ Եվրոպային անհրաժեշտ է ուժեղ Ուկրաինա։

Նրանց ազատությունը մեր ազատությունն է։ Նրանց արժեքները մեր արժեքներն են»,- նշել է Հիլին՝ հավելելով, որ խոսել է կոալիցիայի պաշտպանության նախարարների հետ ռազմական աջակցության ուժեղացման և ցանկացած համաձայնագրից հետո խաղաղություն ապահովելու մասին։

«Մենք ողջունում ենք նախագահ Թրամփի նվիրվածությունն այս սարսափելի պատերազմին վերջ դնելուն», - հայտարարել է պաշտպանության նախարարը։

Հիլիի խոսքով՝ 2025 թվականին Մեծ Բրիտանիան Ուկրաինային տրամադրել է 4,5 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռազմական օգնություն, որը պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ Նա հավելել է, որ Լոնդոնը նաև Կիևին է մատակարարել գրեթե 5 միլիոն փամփուշտ, մոտ 60 000 հրետանային արկ, հրթիռներ, 30 տրանսպորտային միջոց և ինժեներական սարքավորումներ, 200 էլեկտրոնային պատերազմի և հակաօդային պաշտպանության համակարգ։

«Մենք պետք է շարունակենք խաղաղության համար պայքարը, ինչպես նաև մեծացնենք ճնշումը (ՌԴ նախագահ) Պուտինի վրա՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար։ Այսպիսով, մենք աջակցում ենք Ռուսաստանի նավթային եկամուտները խաթարելու միջոցառումներին», - ասել է նա։

Հիլին տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության հետախուզության վերջին գնահատման համաձայն՝ հունվարից ի վեր ներկայիս տեմպերով առաջ ընթանալու դեպքում Ռուսաստանին կպահանջվի ևս 4,4 տարի Դոնբասը գրավելու համար։

Հիլին նաև նշել է, որ հաջորդ շաբաթ Ուկրաինայի պաշտպանության հարցերով համաժողովի ժամանակ հանդիպում կունենա Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում