Իրավունք

Երևանի նախկին քաղաքապետի և Պետգույքի կառավարման վարչության նախկին պետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

6 րոպեի ընթերցում

Երևանի նախկին քաղաքապետի և Պետգույքի կառավարման վարչության նախկին պետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Երևանի նախկին քաղաքապետի, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետի և մի խումբ այլ անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ տվյալներ այն մասին, որ Երևանի նախկին քաղաքապետը և Պետգույքի կառավարման վարչության նախկին պետը, քաղաքապետարանի պաշտոնատար անձանց օժանդակությամբ, յուրացրել են կրթական հաստատություններին հատկացված հողամասեր։

Մասնավորապես, նրանք թիվ 185 հանրակրթական դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված հողատարածքից 1939 քմ մակերեսով հողամասն առանձնացրել են, բաժանել մի քանի գույքային միավորների և ձևական աճուրդների միջոցով օտարել իրենց հետ փոխկապակցված անձանց, որից հետո ձևական առուվաճառքի և նվիրատվության պայմանագրերի հիման վրա այդ հողատարածքները դարձրել իրենցը կամ իրենց մերձավորներինը՝ այդ կերպ էական վնաս պատճառելով պետության և համայնքի իրավունքներին և օրինական շահերին։

Այնուհետև, վերջիններս մի շարք անձանց օժանդակությամբ փողերի լվացման եղանակով օրինականացրել են հանցավոր ճանապարհով ստացված  առանձնապես խոշոր չափերով գույքերը:

Բացի այդ, Երևանի նախկին քաղաքապետը, մի շարք պաշտոնատար անձանց օժանդակությամբ, թիվ 16 հատուկ դպրոցի զբաղեցրած հողատարածքից 3.693 քմ մակերեսով հողամասը, թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատության զբաղեցրած հողատարածքից 575 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև նույն ուսումնական հաստատության օգտագործմանը հանձնված հողատարածքից 863 քմ մակերեսով հողամասն առանձնացրել և ձևական աճուրդի միջոցով օտարել է իր մտերիմ անձանց, որից հետո փողերի լվացման եղանակով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված  առանձնապես խոշոր չափերով գույքը:

«Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացումը) (4 դրվագ), 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 447-րդ հոդվածի 1-ին մասով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը կամ ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) մասին որոշում չկայացնելը կամ ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը չապահովելը), ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետի նկատմամբ՝ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացումը), Ա․Ս․-ի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացմանն օժանդակելը) և 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելուն օժանդակելը), Ա․Ս․-ի, Հ․Մ․-ի, Կ․Ու․-ի, Ս․Ռ․-ի, Տ․Ս․-ի, Լ․Հ․-ի, Ա․Բ․-ի, Ս․Կ․-ի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացմանն օժանդակելը), Ա․Ճ․-ի, Կ․Ն․-ի նկատմամբ՝ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը), Լ․Ա․-ի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացմանն օժանդակելը), Ա․Ի․-ի նկատմամբ՝ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (փողերի լվացումը) (2 դրվագ) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) (2 դրվագ) և Ս․Ի․-ի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (փողերի լվացմանն օժանդակելը) (2 դրվագ)»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հինգ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը, երեքի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը, երկուսի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, երեքի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, մեկ անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և գրավը, երկուսի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, բացակայելու արգելքը և գրավը։

16 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում