Արզական գյուղում այրվում է խոտածածկույթ․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ
1 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 31-ին, ժամը 10:44-ին ահազանգ է ստացել, որ Արզական գյուղին հարակից սարում այրվում է խոտածածկույթ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկներ, օպերատիվ խմբեր և ջրատարներ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչություններից շուրջ 100 փրկարարական ծառայող, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի, էկոպարեկային ծառայության, անտառտնտեսության աշխատակիցներ և Արզական գյուղի բնակիչներ։
Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ։
Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։
Դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը և փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։