Հայաստան

Անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել, որ յուրաքանչյուրի ճակատագիրը պարզվի. ՄԻՊ–ը՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա առիթով

3 րոպեի ընթերցում

Անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել, որ յուրաքանչյուրի ճակատագիրը պարզվի. ՄԻՊ–ը՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա առիթով

Բռնի անհետացման յուրաքանչյուր դեպք ուղղակի ազդեցություն ունի մարդու իրավունքների ողջ համակարգի վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ հղած իր ուղերձում: 

«Օգոստոսի 30-ը նշվում է որպես Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր: 

Բռնի անհետացումը մարդու իրավունքների վրա ազդեցություն ունեցող ամենածանր և երկարատև խնդիրներից է, որի հետևանքները զգացվում են ոչ միայն հակամարտությունների ժամանակահատվածում, այլ նաև դրանցից հետո՝ շարունակ խաթարելով բռնի անհետացած անձանց և նրանց ընտանիքների խաղաղ ու արժանապատիվ կյանքը։ Ցավոք, այսօր էլ ամբողջ աշխարհում բազմաթիվ անձանց ճակատագրեր շարունակում են մնալ անհայտ։ 

Այս տարիների ընթացքում հավաքագրել, միջազգային տարբեր դերակատարներին և ներպետական իրավասու մարմիններին ենք ներկայացրել սկսած 1990-ականներից, 44-օրյա մարտական գործողություններից մինչև 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների և Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձանց ու նրանց ընտանիքների իրավունքների խախտումներին առնչվող խնդիրները՝ բոլորին ուղերձ հղելով առ այն, որ այս հարցերն ամենահրատապներից են»,–ընդգծել է ՄԻՊ–ը:

Նա հավելել է՝ այօրվա կարևոր ուղերձներից մեկն էլ պետություններին ուղղված հստակ հիշեցումն է՝ հարգել յուրաքանչյուր ընտանիքի իրավունքը՝ իմանալու ճշմարտությունն իրենց հարազատների ճակատագրերի վերաբերյալ և գործադրել առավելագույն ջանքերը այդ ուղղությամբ։ 

Մանասյանը շեշտել է, որ միջազգային դերակատարներն էլ իրենց մանդատի շրջանակներում պետք է գործադրեն բոլոր հնարավոր ջանքերը՝ աջակցելու ճշմարտության բացահայտմանը և տուժած ընտանիքների իրավունքների լիարժեք վերականգմանն ու պաշտպանությանը։ 

«Համոզված եմ՝ անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի յուրաքանչյուր անձի ճակատագիրը պարզվի, իսկ նրանց ընտանիքները մշտապես գտնվեն պետության աջակցության և հոգածության ներքո՝ երբեք չմնալով միայնակ»,–եզրափակել է Մանասյանը:

 

 

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում