Հայաստան

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը ոչ թե քանդվում, այլ վերանորոգվում է. մանրամասնում են ճարտարապետները

7 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը ոչ թե քանդվում, այլ վերանորոգվում է. մանրամասնում են ճարտարապետները

Ծիծեռնակաբերդում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ընթանում են վերանորոգման աշխատանքներ, որոնք հանրության շրջանում առաջացրել են տարբեր մեկնաբանություններ։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախագծերի համահեղինակ, վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշեց, որ տարածվում են ասեկոսեներ, թե իբր համալիրում իրականացվում են քանդման աշխատանքներ։   

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այդ ամենի ենթատեքստն ունի ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական բնույթ։ Իհարկե, շինաշխատանքները զերծ չեն որոշակի թերություններից, տարածքը դեռ մաքրված չէ, իրազեկումն էլ պատշաճ չի իրականացվել և, գուցե, այս տեսարանն է ոմանց մոտ առաջացրել սխալ կարծիք, թե իբր հուշահամալիրը քանդում են, բայց իրականում այստեղ ընթանում են հիմնարար վերանորոգման աշխատանքներ։ Ինչ պակաս է, անպայման կլրացվի»,- ասաց Քալաշյանը։

Նա հավելեց, որ հուշահամալիրում վերականգնողական աշխատանքներն առաջին անգամ չեն ընթանում։ 1995 թվականից սկսած, համալիրի կառուցումից երեսուն տարի անց, արդեն առաջացել էր հիմնանորոգման աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն։      

«Վերջին անգամ վերականգնողական աշխատանքներ իրականացվել են 2015 թվականին՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ։ Առաջամասի գլխավոր հուշասյունն ամբողջությամբ վերաշարվեց, որովհետև շատ քայքայված վիճակում էր։ Կա՛մ պետք էր շարել ու պահպանել նույն ձևը, կա՛մ նոր ձև գտնել։ Արդյունքում կիրառվեց չոր շարվածք, առանց ցեմենտի, որպեսզի բետոնե հիմքի ու քարերի արանքում լինի օդի շրջանառություն և տեղումների ժամանակ սառցակալումներ չառաջանան»,-պարզաբանեց ճարտարապետը, որը իրականացնում է հեղինակային վերահսկողություն ամբողջ գործընթացի վրա։

Քալաշյանը հավաստիացրեց, որ վերանորոգման աշխատանքներից հետո հուշահամալիրի արտաքին տեսքն ու քարերի չափսերը ոչ մի փոփոխություն չեն կրի, և նման խնդիր ի սկզբանե դրված չի եղել։ Գիտամեթոդական խորհուրդն ու ԿԳՄՍՆ-ն նույնպես պատշաճ կերպով հետևում են աշխատանքների ընթացքին։  

«Հիմնական խնդիրը, որը մասնագետներին ստիպեց կատարել վերականգնողական աշխատանքներ, աղակալումն էր։ Ժամանակին մտածում էինք ինչ-որ կերպ ջրամեկուսացում իրականացնել, բայց դա էլ չօգնեց։ Աղակալումը շարունակվեց, ինչն էլ հանգեցրեց քարերի էրոզիայի, հետևաբար, փորձում ենք հնարավոր ամեն ինչ անել՝ օգտագործելով արդիական տեխնոլոգիաները։ Վերականգնողական աշխատանքների ընթացքում որոշ թերությունների հայտնաբերման դեպքում կատարում ենք գրառումներ գրանցամատյանում, որպեսզի բացթողումները հնարավորինս արագ շտկվեն»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Ճարտարապետը հավաստիացրեց, որ հուշահամալիրը նույնիսկ այս օրերին փակ չի եղել այցելուների համար։ Աշխատանքներն իրականացվում են փուլ առ փուլ, որպեսզի մարդկանց հոսքին ոչինչ չխոչընդոտի։ Ի դեպ, մեր հարցազրույցի ընթացքում հուշահամալիր այցելեց զբոսաշրջիկների հերթական խումբը։ 

Շինաշխատանքների վերաբերյալ մասնագիտական կարծիք հայտնեց նաև վերանորոգման գործընթացի համակարգողը, ճարտարագետ-շինարար, «Հայ նախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանը։ Նրա բնորոշմամբ՝ համալիրը մեր ժողովրդի հավաքական հիշողության խորհրդանիշն է, համայն հայությանը համախմբող սրբատեղին, ուստի պետք է լինի մշտարթուն հոգածության ներքո։  

«Համալիրի շահագործումից ի վեր անցել է 58 տարի, ինչը բավականին երկար ժամանակ է, և այդ ընթացքում առջևի գլխավոր հենասյունը վերանորոգվել է երեք անգամ։ Վերջին վերանորոգումից քսան տարի անց քարերի վրա թեք մակերեսների պատճառով առաջացան ճաքեր։ Տեղումներից հետո ջուրը թափանցում էր ներս՝ ժանգոտելով մետաղական ներդիրներն ու դեֆորմացնելով քարերը։ Գլխավոր հուշասյունը 2015 թվականին վերանորոգվեց չոր շարով և որոշվեց ամրապնդել նաև մնացած հենասյուները, որոնց քայքայված հատվածներն արդեն զգալի են։ Հիմա անհրաժեշտություն է առաջացել ստուգել նաև կրողունակությունը, ուստի սկզբում երեք հենասյուների վրա կիրականացվեն համապատասխան աշխատանքներ։ Վնասված քարերը, բնականաբար, փոխարինվելու են միանման տեսք ունեցող նոր քարերով, դրվելու են ներդիրներ, օգտագործվելու են ժամանակակից ջրակայուն նյութեր, տեղադրվելու է դրենաժային համակարգ»,-մանրամասնեց Ազիզյանը։   

Ճարտարագետ-շինարարը հավելեց, որ քարերը բացելուց հետո կընդունվեն օպտիմալ որոշումներ՝ հաշվի առնելով վնասվածքների աստիճանը։ Նրա տեղեկացմամբ՝ նախապես որոշվել էր իրականացնել քարերը փոխելու երկու տարբերակ՝ չոր շարվածքով, ինչպես հուշասյան դեպքում և նախագծի համաձայն, ինչպես եղել է կառուցման սկզբում։ Երկրորդ տարբերակը պնդել են մասնագետները։  

«Վերանորոգման ընթացքում ժամանակակից, պլաստիկ նոր նյութերով կապահովենք ամբողջ ջրամեկուսացումը։ Մենք արդեն բացել ենք բետոնե շերտը, համոզվել ենք, որ ժամանակին շատ լավ, շատ բարձր որակի աշխատանք են կատարել, ամրանները մաքուր են մնացել։ Երկաթբետոնե հատվածի կրողունակության հետ կապված որևէ խնդիր չկա։ Պրոբլեմը քարերի շաղախի մեջ է, որը վիբրացիայի չի ենթարկվել։ Արդյունքում վերևի մակերեսից ջուրը ներծծվել ու  անցել է շաղախի շերտի միջով մինչև հենասյուների ստորին հատվածները։ Առման և ձմռան սեզոնների ջերմային փոփոխությունների արդյունքում քարերի միջև եղած կարերն ընդլայնվել են, և առաջացել են ճաքեր, ուստի մեր գլխավոր խնդիրն այդ երևույթների վերացումն է։ Հենց դրան են միտված նախագծային լուծումները»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։ 

Մասնագետի տեղեկացմամբ՝ առաջին երեք հենասյուների վերանորոգման ընթացքում նույնպես կճշտվեն ու կհստակեցվեն ավելի կոնկրետ անելիքները և գործընթացն առաջ կգնա փուլ առ փուլ՝ հերթականությամբ ընդգրկելով մյուս բոլոր հենասյուները։ Աշխատանքների հետազոտական բաղադրիչից կախված կլինի, թե որքան ժամանակ կպահանջվի համալիրի ամբողջական վերանորոգման համար։ Նախորդ վերականգնումն, օրինակ, տևել էր երկու տարի։ Մի բան հաստատ է՝ շինաշխատանքների ողջ ընթացքում համալիրը ոչ մի օր փակ չի լինելու այցելուների համար։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում