Կրթություն

Ավարտվում է Երևանի հ. 105 մանկապարտեզի հիմնանորոգումը

2 րոպեի ընթերցում

Երևանի հ. 105 մանկապարտեզը ևս հիմնանորոգման ծրագրի ավարտից հետո 110-ի փոխարեն հնարավորություն կունենա ընդունելու շուրջ 220 երեխայի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից, նախագծի շրջանակում այստեղ էլ ավելացվել են խմբասենյակները՝ 4-ի փոխարեն կձևավորվի 8 խումբ: Տարածքների ընդլայնումն ու արդյունավետ օգտագործումը կիրառվում է հիմնանորոգվող գրեթե բոլոր մանկապարտեզներում, ինչն ավելի շատ երեխաներ ընդունելու հնարավորություն է տալիս: 

«2023 թվականից մեկնարկած շինարարության ընթացքում 105 մանկապարտեզում հայտնաբերվել են որոշ թերություններ, ինչի պատճառով Երևանի քաղաքապետարանի կողմից դրանք չեն ընդունվել: Շինարարը պարտավորվել է ամբողջությամբ վերացնել թերությունները. աշխատանքներն ընթացքի մեջ են»,-տեղեկացնում են քաղաքապետարանից: 

Մանկապարտեզի հիմնանորոգման նախագծով նախատեսված է նաև բակի բարեկարգում: Այս աշխատանքները կիրականացվեն տարածքով անցնող կոյուղատարի խնդիրը լուծելուց հետո: Բանն այն է, որ հարակից շենքերի կոյուղատար համակարգը ժամանակին անցկացվել է հենց մանկապարտեզի տարածքով, ինչը  քայքայված լինելու պատճառով այժմ խնդիրներ է առաջացրել:

Հաշվի առնելով խնդրի հրատապությունն ու մանկապարտեզն օր առաջ շահագործման հանձնելու կարևորությունը՝ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է ոչ միայն կոյուղատար ցանցի տեղափոխումը, այլև հարակից 15 բազմաբնակարան շենքերն սպասարկող կոյուղատար համակարգի ամբողջական փոխարինումը:  

Երևանի հ. 105 մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրն իրագործող ընկերությանն, ի դեպ, կատարված աշխատանքների համար Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ կվճարի միայն վերջնական աշխատանքներն ընդունելուց հետո:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում