Իրավունք

Ջրային պարեկների կողմից կազմվել են 37 կեղծ արձանագրություններ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

2 րոպեի ընթերցում

Ջրային պարեկների կողմից կազմվել են  37 կեղծ արձանագրություններ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային պարեկների կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու դեպքեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ 

Մասնավորապես՝ պարզվել է, որ պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկն իր համար աշխատանքի դրական ցուցանիշ ապահովելու նպատակով,  2024-2025 թվականների ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ կազմել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 23 կեղծ արձանագրություններ: 

Բացի այդ, հիշյալ մարզի գումարտակի ևս 2 ջրային պարեկ, դարձյալ աշխատանքի դրական ցուցանիշ ապահովելու նպատակով, 2024 թվականի հունվարից 2024 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև 2025 թվականի ապրիլին կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 14 կեղծ արձանագրություններ, որոնք միանգամից հաշվառվել են բազայում։ 

Պաշտոնեական կեղծիք կատարելու համար վերը նշված 3 պարեկներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445–րդ հոդվածի 1–ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում