Հայաստանը պատրաստ է սահմանային անցակետերում ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբունքների շրջանակում. Փաշինյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանը իր բոլոր սահմանային կետերում, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում պատրաստ է ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված 5 սկզբունքների շրջանակում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված են այն 5 սկզբունքները, որոնց հիման վրա գործում է այս համաձայնությունը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն ու փոխադարձություն: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելիս՝ մենք արդեն ասել ենք, որ պատրաստ ենք կարգավորումների, պարզեցումների՝ այս սկզբունքների հիման վրա»,–ասաց Փաշինյանը:
Նա հավելեց՝ աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում մաքսային և սահմանային հսկողության այն ձևերը, որ մարդկանց ծանոթ են նախորդ տասնամյակներից, արդեն գոյություն չունեն: Մասնավորապես, կենսաչափական անձնագրերի կիրառման պարագայում գործում են բոլորովին նոր ընթացակարգեր, նաև թվային տեխնոլոգիաների զարգացման տրամաբանությամբ գործում են բոլորովին այլ ընթացակարգեր:
«Այն ձևերը, երբ պետք է մարդկանց ձեռք տալ, շոշափել, արդեն բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանի բոլոր սահմաններում 5,10, 15 տարի հետո չեն լինելու: Եվ մենք գնալու ենք պարզեցումների: Բայց մենք պարզեցումների գնալու ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում, այլ նաև գնալու ենք մեր բոլոր սահմանային կետերում, որպեսզի բիզնես միջավայրը, արտահանումը, ներմուծումը, տարանցումը հնարավորինս լինի պարզեցված, որը ցանկացած դեպքում բիզնես գործունեության համար ամենահարմար և կարևոր միջավայրն է:
Մենք պատրաստ ենք ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբունքների շրջանակում»,-շեշտեց վարչապետը: