Հայաստան

Երևանում 3 օր գարեջրի տոն է լինելու. փառատոնը համախմբում է երկու տասնյակից ավելի գարեջրագործների

4 րոպեի ընթերցում

Երևանում 3 օր գարեջրի տոն է լինելու. փառատոնը համախմբում է երկու տասնյակից ավելի գարեջրագործների

Երևանի կենտրոնում շուտով 3 օր գարեջրի տոն է լինելու։ Օգոստոսի 22-24-ին Զաքյան փողոցում անցկացվելու է «Գարեջրի օրեր» փառատոնը։ Այն անցկացվում է արդեն 4-րդ անգամ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսին «էվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը նշեց, որ փառատոնի նպատակն է վեր հանել և ներկայացնել Հայաստանի գարեջրագործական ավանդույթները, զարգացնել իրադարձային զբոսաշրջությունը, առաջխաղացման նպաստավոր հարթակ ստեղծել գարեջուր արտադրող ընկերությունների համար և իհարկե, համախմբել գարեջրի սիրահարներին մեկ վայրում։

«Մենք տարիներ շարունակ անցկացնում ենք ինչպես Արենի գինու փառատոնն, այնպես էլ «Երևանի գինու օրեր»-ը, որոնք մեծ հաջողություն են գրանցել։ Դարձել են և՛ կայացած զբոսաշրջային պրոդուկտ, և՛ համախմբել են գինու սիրահարներին։ Ահա հիմա այդ նույն մոտեցումը փորձում ենք կյանքի կոչել գարեջրի պարագայում։ Գարեջրի սիրահարները բավական շատ են և մենք փորձում են ինչպես ներգրավել զբոսաշրջիկների, այնպես էլ ցույց տալ գարեջրագործության մեր ավանդույթները»,-ասաց Նունեն Մանուկյանը։ 

Եթե 4 տարի առաջ փառատոնին մասնակցում էր 14 ընկերություն, ապա այս տարի 25-ից ավելի։ Գարեջուր արտադրողները ներկայացնում են մարզերը՝ Սյունիք, Գեղարքունիք, Կոտայք և այլն։ Մասնակիցները հիմնականում տեղական արտարդողներ են, միայն երկուսն են գարեջուր ներմուծող ընկերություն։ «էվենտՏուրա» ընկերության փոխտնօրեն Լիլիթ Ծառուկյանը տեղեկացրեց, որ հանդես են գալիս բազմազան ծրագրով։ 

«Միջոցառման տարածքը բաժանված է լինելու մի քանի գոտիների՝ գարեջրի, սննդի երաժշտության, խաղային, մրցութային։ Այցելուները կարող են վայելել գարեջրի ամենատարբեր տեսակներ, համտեսել գարեջրի և սննդի հետաքրքիր համադրություններ՝ հայկական և միջազգային խոհանոցներից։ Ինչ  վերաբերում է խաղային հատվածներին, ապա ասեմ, որ բավական հետաքրքիր է լինելու, ունենալու ենք մրցույթներ, հիշարժան ու արժեքավոր նվերներ»,-ասաց Լիլիթ Ծառուկյանը։ 

Փառատոնի մթնոլորտտը կամբողջացվի համերգային ծրագրով՝ ինչպես սիրված բենդերի, այնպես էլ նորաստեղծ խմբերի, անհատ կատարողների մասնակցությամբ։  

Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն։ Կառույցն այս տարի փառատոնների աջակցման համար արդեն պայմանագիր է կնքել 8 ընկերության հետ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանը նշեց, որ Հայաստանի զբոսաշրջային պրոդուկտի դիվերսիֆիկացման ճանապարհին կարևոր տեղ է զբաղեցնում իրադարձային տուրիզմը։ 

«Իրադարձային տուրիզմը վերջին տարինեին շատ-շատ է զարգացել Հայաստանում։ Հատկապես առանձնանում են փառատոնները, որոնք անցկացվում են բոլոր մարզերում, բազմաթիվ համայնքներում։ Բազմազանությունն այնպիսին է, որ ցանկացած նախասիրության անձ կարող է ընտրել, թե որին է ուզում մասնակցել։ Ակնհայտ է, որ այս փառատոնները բերում են ակտիվություն ինչպես տնտեսական, այնպես էլ համայնքներում կյանքն աշխուժացնելու ու զբոսաշրջիկներ ներգրավելու առումով»,-ասաց Դիանա Կարապետյանը։ 

Ներկայացնելով զբոսաշրջային վերջին տվյալները՝ Դիանա Կարապետյանը նշեց, որ 2025 թվականի հուլիսին Հայաստան է եկել 263 հազար 592 զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա հուլիսի համեմատ 10,9 տոկոսով ավելին է։ Հայաստան հիմնականում գալիս են Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, ասիական, եվրոպական երկրներից։  

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում