Սփյուռքում հայապահպանության գործընթացն առանց համագործակցության գրեթե անհնար է. Ազգային երիտասարդական համաժողովի մասնակից
4 րոպեի ընթերցում
Առանց Հայաստանի և միմյանց հետ համագործակցության սփյուռքի համայնքները չեն կարող գոյատևել. հայապահպանության գործընթացն առանց դրա գրեթե անհնար է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի մասնակից Անի Մարգարյանն՝ ընդգծելով Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման կարևորությունը և երկարաժամկետ նախագծերի անհրաժեշտությունը։
«Մեր համայնքն առաջին անգամ է ներկայանում այս համաժողովին։ Ես Չինաստանի առաջատար կրթական հաստատություններից մեկում՝ Սուչժոուի համալսարանում, գիտաշխատող եմ, ինչպես նաև հիմնադրել եմ չինագիտական, լրատվական ու վերլուծական մշակութային հարթակ։
«Ֆորումին մասնակցում եմ առաջին անգամ, և նման միջոցառումները չափազանց կարևոր են Հայաստանի, սփյուռքի և համայնքների միջև կապերն ամրապնդելու ու խնդիրները վեր հանելու առումով։ Երբ իրականացնում ես միջոցառում և ստանում հետադարձ կապ, այդ արձագանքի հիման վրա արդեն կառուցում ես հետագա նախագծերդ։ Սկզբում թվում է, թե պարզապես հավաքվում ենք և խոսում, բայց իրականում լսում ենք գաղափարներ, կիսվում ենք մեր մտքերով և ստանում առողջ քննադատություն, որն օգնում է առաջ շարժվել։
Մեր համայնքում մենք գիտակցել ենք, որ առանց Հայաստանի և միմյանց հետ համագործակցության սփյուռքի համայնքները չեն կարող գոյատևել․ հայապահպանության գործընթացն առանց դրա գրեթե անհնար է։ Նույնը վերաբերում է Հայաստանին՝ մենք չենք կարող խորքային կառուցվածքային աջակցություն ցուցաբերել միայն մեկանգամյա այցելություններով կամ դասախոսություններով։ Այդ պատճառով մենք կենտրոնանում ենք երկարաժամկետ նախագծերի վրա, որոնք շոշափելի արդյունք կտան թե՛ Հայաստանի, թե՛ Հայաստան-սփյուռք, և թե՛ սփյուռք-սփյուռք կապերի ամրապնդման համար»,- ասաց համաժողովի մասնակիցը:
Անի Մարգարյանի խոսքով՝ Չինաստանի հայ համայնքը, թեև թվով փոքր է, բայց ունի մեծ որակային ներուժ․ այն հիմնականում բաղկացած է դասախոսներից, գիտնականներից, ուսանողներից և բարձր առաջադիմությամբ մարդկանցից, որոնք մեծապես կարևորում են հայոց լեզվի պահպանումը և հետևում են, որ իրենց երեխաները հայերեն խոսեն։
«Չինաստանի հայ համայնքը կարող է կարևոր օղակ դառնալ Հայաստան-Չինաստան հարաբերություններում, հատկապես մշակութային և կրթական ուղղություններով։ Մենք ունենք փայլուն ուսանողներ, որոնք սովորում են Չինաստանի լավագույն համալսարաններում՝ արժանանալով կրթաթոշակների և բարձր պահելով Հայաստանի անունը։ Հավաքել ենք հայկական տարազների հավաքածու և փորձում ենք ստեղծել հայկական անկյուն։ Ինչպես նաև վերադառնալիս՝ Հայաստանից հետս տանելու եմ գրքեր՝ այս նախաձեռնությունը զարգացնելու նպատակով։ Եվ ուրախությամբ պետք է նշեմ, որ այս ամենի հիմքում ընկած է սփյուռքի մյուս համայնքների հետ հանդիպումների ու համագործակցության փորձը»,- եզրափակեց Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի մասնակիցը:
Մասնակիցներից Նաիրա Ավետյանը պատմում է, որ եկել է Վրաստանից ու նրան հետաքրքիր է եղել մասնակցել, որպեսզի կապեր հաստատի ոչ միայն Հայաստանի, այլև տարբեր երկրներից ժամանած հայ երիտասարդների հետ։
Խոսելով Վրաստանի հայ համայնքի խնդիրների մասին՝ Նաիրան առանձնացնում է կրթության ոլորտը։ Վրաստանի հայկական դպրոցներում դասագրքերի մեծ մասը վրացերենով են։ Նրա կարծիքով՝ կարևոր կլինի, որ Հայաստանից դասագրքեր ստանան, որպեսզի երեխաները հայերեն սովորեն հայկական հրատարակությունների հիման վրա։
Նա նաև նշում է, որ Վրաստանի հայ համայնքը շատ ակտիվ չէ, և մարդիկ հիմնականում զբաղված են իրենց աշխատանքով։ Այդ պատճառով նման միջոցառումներին մասնակցելը կարևոր է՝ հայրենիքի հետ կապը պահելու համար։