Ադրբեջան

Ադրբեջանական աղտոտված նավթի պատճառով Ռումինիան սկսել է օգտագործել իր պահուստները

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանական աղտոտված նավթի պատճառով Ռումինիան սկսել է օգտագործել իր պահուստները

Ռումինիա մատակարարվող 92 000 տոննա ադրբեջանական նավթը Թուրքիայի Ջեյհան նավահանգստում բեռնման ժամանակ աղտոտված է եղել օրգանական քլորիդներով, ուստի ռումինական OMV Petrom ընկերությունը հրաժարվել է ընդունել բեռը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ռումինիայի էներգետիկայի նախարարությունը:

Այնուհետև ընկերությունը հրաժարվել է ընդունել 92 000 տոննա նավթի ևս մեկ խմբաքանակ: Այսպիսով, Պլոեշտի քաղաքի Petrobrazi նավթավերամշակման գործարանը ստացել է 184 000 տոննա պակաս նավթ: 

Արդյունքում Ռումինիայի իշխանություններն արտակարգ ճգնաժամային իրավիճակ են հայտարարել, որպեսզի Էներգետիկայի նախարարությունը կարողանա ազգային պահուստներից հումք փոխանցել ձեռնարկություն և ապահովել դրա գործունեության շարունակականությունը: 

«Ռումինական շուկայում վառելիքի մատակարարումը կայուն է և շարունակական։ OMV Petrom-ն անցյալ շաբաթ նավթի ներմուծման հետ կապված դժվարությունների է բախվել՝ աղտոտված նավթի փոխադրման պատճառով։ Petrobrazi վերամշակման գործարանի համար խնդրահարույց իրավիճակից խուսափելու համար մենք որոշել ենք ազգային պահուստից օգտագործել 80 000 տոննա հում նավթ և 30 000 տոննա դիզել», - Facebook-ում գրել է Ռումինիայի էներգետիկայի նախարար Բոգդան Իվանը։ 

Նա հավելել է, որ այս ծավալը կազմում է արտակարգ պահուստների 5,5%-ից պակաս։ Նախարարը վստահեցրել է, որ պահուստը, որը կազմում է ավելի քան 2 միլիոն տոննա, կհամալրվի առավելագույնը 60 օրվա ընթացքում։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում