Փոխքաղաքապետն անդրադարձավ հանրային տրանսպորտում վճարման համակարգի կողմից հավելյալ գումար գանձելու մասին բողոքներին
3 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի հավաստմամբ՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բանկային քարտերով հանրային տրանսպորտում վճարելիս, երբ համակարգը մերժել է գործարքը, իսկ ավելի ուշ գումարը գանձել քաղաքացիներից, եղել է նախորդիվ ունեցած պարտքի պատճառով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով մի խումբ քաղաքացիների բարձրաձայնած խնդրին՝ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ ավելի քան 40 նման դեպք է անձամբ ուսումնասիրել, որի ընթացքում որոշ քաղաքացիներ հրաժարվել են ներկայացնել իրենց քարտի 16 նիշանոց համարը, ինչն անհրաժեշտ էր ստուգում իրականացնելու համար։
Նրա խոսքով՝ ուսումնասիրության արդյունքում որևէ դեպք չի հաստատվել, որ վճարման համակարգն հավելյալ գումար է գանձել քաղաքացիներից։
Գրիգորյանի պարզաբանմամբ՝ համակարգը բոլոր նման դեպքերում գանձել է նախորդ ուղևորության համար ունեցած պարտքը, որն առաջացած է եղել քարտում անբավարար գումարի պատճառով։
Նրա պարզաբանմամբ՝ խնդիրը նրանում է, որ տրանսպորտային վճարման տերմինալը գործում է օֆլայն ռեժիմով, որը ի տարբերություն, օրինակ, խանութների կամ սրճարանների՝ օնլայն չի ստուգում բանկային քարտում բավարար միջոցների առկայությունը։
Ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ, օրինակ, մետրոյում համակարգը քաղաքացուն թույլ է տվել անցնել, սակայն այնուհետև պարզվել է, որ բանկային քարտում առկա միջոցներն անբավարար են գանձումը իրականացնելու համար։
«Այդ քարտն ընկնում է «սև ցուցակ», և սովորաբար փորձ է կատարվում այդ գումարը գանձել։ Երբ անձը մոտենում է և երկրորդ անգամ մերժում է ստանում, համակարգը տեսնում է, որ իրեն պարտք ունեցող քարտն իրեն այդ պահին դիմում է։ Այդ պահին փորձում է գանձում իրականացնել և շատ դեպքերում, երբ այդ գանձումը հաջողվում է, տվյալ մարդու տեսանկյունից ստացվում է ինքը մերժում ստացավ, բայց գանձումն իրականացվեց»,-պարզաբանեց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ իր կողմից ուսումնասիրված բոլոր նման դեպքերում նախորդ պարտքի գանձումն է եղել, որի մասին քաղաքացին հաճախ չգիտի։
Նա չբացառեց խնդրի առկայությունը, ինչի պատճառով բոլոր դեպքերը շարունակական ուսումնասիրվում են քաղաքապետարանի կողմից։
Բացի այդ, ըստ Գրիգորյանի, հնարավոր է անձամբ ստուգել վճարման համակարգը հավելյալ գումար գանձե՞լ է, թե՞ ոչ։
«Եթե ուզում են անձամբ տեսնել նման խնդիր կա՞, թե՞ ոչ, պետք է վերցնեն մի ժամանակահատված, եթե հիշում են, թե այդ ընթացքում քանի ուղևորություն են կատարել և հասկանան՝ հանրային տրանսպորտից օգտվելու քանակը համապատասխանո՞ւմ է քարտից գանձված գումարին։ Եթե գտնեն անհամապատասխանություն, ապա անպայման պետք է այդ մասին ահազանգեն»-ասաց փոխքաղաքապետը։