Հայաստան

Սպասվում է բավական շոգ ու սակավատեղում օգոստոս

2 րոպեի ընթերցում

Սպասվում է բավական շոգ ու սակավատեղում օգոստոս

Հայաստանում օգոստոսի հիմնական մասը գտնվելու է հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության ներքո։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ ամսական օդի միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակն էլ՝ նորմայից պակաս։ 

«Այսինքն՝ սպասվում է բավական շոգ ու սակավատեղում օգոստոս։ Օդի ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի առաջին տասնօրյակում։ Շիրակում, Կոտայքի լեռնային գոտիներում ցերեկային ժամերին սպասվում է +32․․․+36, Գեղարքունիքում՝ +31․․․+35, Լոռիում առավելագույն ջերմաստիճանը կանխատեսվում է  +32․․․+35 աստիճան, Տավուշում սպասվում է +36․․․+39, Արագածոտնի նախալեռներում +36․․․+40 աստիճան։ Արարատում, Արմավիրում, Վայոց ձորի նախալեռնային հատվածներում +40․․․+42 աստիճան, Վայոց ձորի լեռնային գոտում +30․․․+34 աստիճան։ Սյունիքի հովտային գոտում, որն ընդգրկում է Մեղրին, Ագարակը, Կապանը և հարակից գոտիները, կանխատեսվում է +39․․․+42 աստիճան։ Սյունիքի լեռնային գոտիներում կլինի +32․․․+35, Սյունիքի նախալեռներում՝ +32․․․+36։ Երևանում կանխատեսվող առավելագույն ջերմաստիճանն օգոստոսի առաջին տասնօրյակում +40․․․+42 աստիճանն է»,-ասաց Գագիկ Սուրենյանը։ 

Հանրապետությունում հուլիսի 12-ից սկսած տևական ժամանակ շոգ եղանակ է գրանցվել, դրան գումարած որոշ հատվածներում տեղումների քանակը նկատելի պակասել է կամ ընդհարնապես տեղումներ չեն եղել, արդյունքում որոշ մարզերում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է։

«Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային հատվածնեում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում ու Երևանում ստեղծվել է վերջին՝ 5-րդ կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել անվտանգային կանոնները, լինել ուշադիր»,-ասաց Գագիկ Սուրենյանը։ 

Հանրապետությունում համեմատաբար զով եղանակ սպասվում է օգոստոսի 3-րդ տասնօրյակում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում