4 րոպեի ընթերցում
«Դիմակը՝ կերպար և գաղափար» խորագրով ցուցահանդեսում ընդգրկված են Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի արևելյան և աֆրիկյան դիմակների կոմպոզիցիաներով նատյուրմորտները՝ ստեղծված 1960-80-ական թվականներին։ Ստեղծագործությունները համադրված են Ազգագրության թանգարանի հնագիտական բաժնի աֆրիկյան դիմակների, քանդակների հավաքածուից Նիգերիայի, Կոնգոյի, Գվինեայի, Տանզանիայի դիմակների հետ, որոնք բնորոշում են 1960-70-ական թվականները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 1-ին Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու)։
Թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի խոսքով՝ պարբերաբար հարթակ են տրամադրում այլ ցուցահանդեսների՝ համագործակցելով տարբեր թանգարանների հետ։
«Ավելի վաղ կազմակերպել ենք ինքնաեռների, խաչերի, կշեռքների, օծանելիքի պատմության և այլ ցուցահանդեսներ, որոնք դասական տիրույթից դուրս են բերում այցելուներին և կենցաղային առարկաների միջոցով վերադարձնում են անցյալ, մտորումների առիթ դառնում»,-նշեց Մկրտչյանն ու հավելեց՝ «Դիմակը՝ կերպար և գաղափար» ցուցահանդեսի կազմակերպման գաղափարի հեղինակը Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրեն Կարեն Բարսեղյանն է։
Ընդգրկուն ցուցադրություն կազմակերպելու համար Մկրտչյանն առաջարկել է նախաձեռնությանը միանալ Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանին, որն աֆրիկյան դիմանկների ինքնատիպ հավաքածու ունի։
Ցուցահանդեսի համադրողն արվեստաբան, Ասլամազյան քույրերի պատկերասրահի գիտաշխատող Գոհար Սմոյանն է։ Ըստ նրա՝ դիմակը բազմիմաստ երևույթ է։ «Այն տեսողական, մշակութային արտահայտչամիջոց է, իսկ ցուցադրության մեջ կարևորվել է այն հանգամանքը, որ դիմակը միայն մարդու հույզերն արտահայտելու կամ ինքնությունը քողարկելու համար չէ։ Այն դիտարկվել է որպես ներկա ու անհետացող քաղաքակրթությունների դրսևորում և բնութագրել է տվյալ ժամանակաշրջանը»,-ասաց Սմոյանը։
Համադրողի խոսքով՝ Ասլամազյաններն արտերկյա ճանապարհորդությունների ժամանակ վրձնած չինական, ճապոնական, աֆրիկյան դիմակներով և քանդակներով նատյուրմորտներում փորձել են ցույց տալ պատմական տարբեր ժամանակաշրջանների բնութագրերը՝ կոմպոզիցիաներում ներկայացնելով դիմակների տարբեր գաղափարական գործառույթները՝ ծիսական, էթնիկ, սոցիալական։ Ասլամազյանները, հանդես գալով որպես մտավորականներ, կարևորել են տարբեր ազգերի և ժողովուրդների միջև ձևավորվող փոխհարաբերությունները՝ դիտարկելով դիմակները որպես այդ փոխհարաբերություններն ամրագրող, նաև մշակութային տարբեր ժառանգությունների և ավանդույթների մասին պատմող, արձանագրող վկաների։
«Ինձ համար կարևոր էր նրանց գործերը համադրել աֆրիկյան դիմակների հետ, որովհետև այդ երկխոսությամբ անհրաժեշտ էր ցույց տալ քաղաքակրթությունների տարբերությունները, ժամանակաշրջանի ամփոփ նկարագիրը։ Պատահական չէ, որ այս ժամանակահատվածում ենք արվեստասերներին ներկայացնում այս աշխատանքները։ Այսօր այդ դեկորատիվ պատկերազարդված դիմակներին անդրադառնալը կարևոր է՝ հաշվի առնելով ներկայիս պրագմատիկ, իրապաշտական աշխարհում մարդկանց անհավատ լինելը, պատասխանատվության, խղճի բացակայությունը։ Այս ցուցադրությունը փորձ է` մարդկանց վերադարձնելու հրաշքի, մոգական ուժի սպասման ռոմանտիկ պատկերացումները։ Այդ ուժը զսպում է մարդկանց ամենաթողությունները, նպաստում է կարևորել մարդուն ընտանեկան կապերում, կնոջը՝ որպես հուշապահպանի և պատմությունը սերունդներին փոխանցողի դերակատարման մեջ և հայրենի արմատների նկատմամբ ունեցած բարոյական արժեքներում»,-շեշտեց նա։