Իրան

ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի Իրանին պատճառած վնասների դիմաց․ Արաղչիի հարցազրույցը Financial Times-ին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի Իրանին պատճառած վնասների դիմաց․ Արաղչիի հարցազրույցը Financial Times-ին

Միացյալ Նահանգները պետք է փոխհատուցեն այն վնասի համար, որ Իրանը կրել է ամերիկյան զինված ուժերի վերջին հարձակումների հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Financial Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Նրանք պետք է բացատրեն, թե ինչու հարձակվեցին մեզ վրա բանակցությունների փուլում, և նրանք պետք է վստահեցնեն, որ չեն կրկնելու դա [ապագա բանակցությունների ընթացքում]։ Նրանք պետք է փոխհատուցեն պատճառած վնասի համար»,- հայտարարել է Արաղչին։

Նա նկատել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունների հավանականությունը շարունակում է պահպանվել, սակայն Թեհրանում շատերը կասկածամտորեն են մոտենում ԱՄՆ-ի դիվանագիտական նախաձեռնություններին։ 

«Բանակցություններ տանող ճանապարհը նեղ է, բայց դա անհնարին չէ։ Ես պետք է համոզեմ իմ ղեկավարությանը, որ եթե մենք գնում ենք բանակցությունների, մյուս կողմն էլ պետք է դրան մոտենա իրական վճռականությամբ, որպեսզի հասնենք երկու կողմի համար ցանկալի լուծման։ Մենք կարիք ունենք նրանց կողմից իրական վստահություն կառուցող միջոցների»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։ 

Դիվանագետի պնդմամբ՝ հակառակ Իրանի դեմ վերջին հարձակումներին, Թեհրանը պահպանել է ուրանի հարստացման կարողությունները։ «Շենքերը կարող են վերակառուցվել։ Մեքենաները կարող են փոխարինվել, քանի որ մենք ունենք տեխնոլոգիաները։ Մենք ունենք բավարար գիտնականներ ու մասնագետներ, ովքեր սովոր են աշխատել մեր կառույցներում։ Սակայն թե երբ ու ինչպես կվերսկսենք հարստացման աշխատանքները, կախված են պայմաններից»,- նշել է Արաղչին։ 

Նա անդրադարձել է նաև եվրոպական երկրների հետ բանակցություններին՝ նշելով․ «Եվրոպացիների հետ այս պահին բանակցելու ոչ մի իմաստ չկա, քանի որ նրանք չեն կարող վերացնել պատժամիջոցները, նրանք ոչինչ չեն կարող անել։ Եթե նրանք գործարկեն snapback-ի մեխանիզմը (խմբ․ - այն ենթադրում է Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնում), ապա դա նրանց համար ճանապարհի վերջը կդառնա»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում