Սոցիալական հարցեր

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Save Armenia կազմակերպության պատվիրակության անդամներին

3 րոպեի ընթերցում

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Save Armenia կազմակերպության պատվիրակության անդամներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Save Armenia» կազմակերպության պատվիրակության անդամներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՍՀ նախարարի տեղակալներ Դավիթ Խաչատրյանը, Տաթևիկ Ստեփանյանը, Ռուբեն Սարգսյանը, ինչպես նաև «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել Save Armenia կազմակերպության գործունեությունը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության ու ծրագրերի հանդեպ կազմակերպության ներկայացուցիչների ցուցաբերած հետաքրքրվածության կարևորությունը։

«Հանդիպման ընթացքում նախարարը, մասնավորապես, ներկայացրել է 2020-2025 թթ․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացված և ընթացիկ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը։ Խոսվել է սոցիալական պաշտպանության, զբաղվածության, բնակապահովման և այլ ոլորտներում իրականացված տասնյակ ծրագրերի մասին՝ մանրամասնելով դրանց նպատակները, շահառուների շրջանակը, ֆինանսական միջոցները, ընթացքն ու արդյունքները։

Նախարարն անդրադարձել է նաև խոցելի խմբերին մատուցվող ծառայություններին՝ մասնավորեցնելով երեխաներին, ավագ սերնդի ներկայացուցիչներին, հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունները։ Ըստ այդմ՝ ներկայացվել է հասարակական կազմակերպություններին ծառայությունների արտապատվիրակման մեխանիզմը՝ որպես ծառայությունների արդյունավետ մատուցման գործիք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։ Քննարկվել են միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունավետությունն ու զարգացման հնարավորությունները, գործող հարթակները, առկա մարտահրավերները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրագործման հեռանկարները։

Անդրադարձ է արվել նաև ոլորտային գործող համագործակցությունների հարթակներին՝ այդ համատեքստում կարևորելով խնամատարության, արժանապատիվ աշխատանքի և սոցիալական արդարության ուղղություններով կայացած համաժողովները, որոնք դարձել են շարունակական ու արդյունավետ երկխոսությունների հարթակ։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում