ՀՀ ներպետական օրենսդրությամբ կա հնարավորություն ՀԷՑ-ի վերաբերյալ միջազգային արբիտրաժի որոշումը չկատարելու. Սրբուհի Գալյան

6 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ կա հնարավորություն միջազգային արբիտրաժի որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին։          

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը կառավարության հերթական նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային դատարանի որոշմանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի վերաբերյալ։

«ՀԷՑ-ի հետ կապված իրավական վեճի առումով գործում է երկկողմ ներդրումային պայմանագիրը, որի հետ կապված վեճերի պարագայում արբիտրաժային տրիբունալի որոշումների ճանաչման կոնկրետ ընթացակարգ է գործում։ Որոշման մեջ հղում է արված Նյու Յորքի համապատասխան կոնվենցիային, որով սահմանվում է այդ որոշման կամ վճռի չկատարման դեպքում դրա կատարման հնարավորությունը, եթե կողմը ցանկություն ունի դա պարտադրաբար կամ հարկադրաբար ի կատար ածել։ Այդ ընթացակարգն առկա է նաև մեր ներպետական օրենսդրության շրջանակում։ Պարզ լեզվով կասեմ հետևյալը՝ կողմը իրավունք և լիարժեք հնարավորություն ունի՝ դիմելու Հայաստանի ներպետական դատարանին, որպեսզի դատարանը նախ ճանաչի արբիտրի որոշումը, հետո նոր դա դառնա պարտադիր կատարման ենթակա։ Եվ, իհարկե, ներպետական օրենսդրությամբ, նաև միջազգային կոնվենցիայով, կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին»,- ասաց Գալյանը։ 

Նախարարը նշեց, որ ժամանակավոր կառավարչի մուտքը ՀԷՑ հետապնդել է այլ նպատակ, քան նկարագրվում է մյուս կողմի դիմումում։ 

«Ընդամենը նպատակ է եղել խուսափել հնարավոր ճգնաժամից, որը մեզ իրականում սպառնում էր։ Ստոկհոլմի արբիտրաժը չէր կարող որևէ նպատակ արձանագրել, որովհետև մենք այս փուլում գործ ունենք միայն նախնական ապահովման միջոցի կիրառման հետ և գործ չունենք վեճի քննության հետ։ Երբ միջազգային արբիտրաժային դատարանը իքս օր հետո քննության կառնի արբիտրաժային վեճը, նոր կանդրադառնա գործի բոլոր հանգամանքներին և կգնահատի նպատակները»,- պարզաբանեց արդարադատության նախարարը։  

Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի հետ կապված ռիսկերը, որոնք քննարկվել են կառավարությունում, որակվել են որպես շատ բարձր, հետևաբար այդ ռիսկերի հաղթահարմանն էլ ուղղված է եղել ՀԷՑ-ն ազգայնացնելու որոշման կայացումը։ Ինչ վերաբերում է միջազգային արբիտրաժային դատարանի որոշմանը, ապա ՀՀ կառավարությունն, ըստ նախարարի, համբերատար կսպասի վեճի քննությանը, կներկայացնի իր փաստարկները և կտեսնի, թե միջազգային արբիտրը ինչ արձագանք կտա, երբ արդեն կանդրադառնա վեճի բովանդակությանը։   

Արդարադատության նախարարի տեղեկացմամբ՝ միջազգային արբիտրաժները վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ են, որոնց դերը ՀՀ իրավական համակարգում ընդգծված է, այսինքն՝ ՀՀ-ն ունի ստանձնած պարտավորություններ այն դեպքում, երբ միացել է որոշակի կոնկրետ կոնվենցիաների։ Ընդ որում՝ կոնվենցիաները կամ պայմանագրերը լինում են տարբեր, լինում են երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրեր։ 

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՀԵՑ-ի ազգայնացման հետ կապված որոշումը կայացվեց հիմա՝ Գալյանն ընդգծեց, որ սույն կազմակերպությունը վերջին տարիներին պարբերաբար ենթարկվել է տույժերի և տուգանքների։

«Նախորդ տարվանից այս հարցի հետ կապված քննարկումները սկսել են կրել առավել հաճախակի բնույթ։ Ազգային ժողովում տեղի են ունեցել լսումներ, և ամենաշատը հնչած հարցադրումն այն էր, թե ինչու հիմա և ինչու «քաղաքական հայտարարություններից» հետո կայացվեց այդ որոշումը։ Ո՛չ, այդպես չի եղել»,- պարզաբանեց ՀՀ արդարադատության նախարարը։    

Հայաստանի կառավարությունը «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ազգայնացնելու որոշում է կայացրել։ Գործընթացի շրջանակներում առաջին քայլով ՀՀ կառավարությունը ստանձնել է ՀԷՑ-ի կառավարումը՝ այնտեղ ժամանակավոր կառավարիչ նշանակելով ՊՎԾ նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին։  ՀԷՑ-ի սեփականատերերն այդ հարցով դիմել էին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային դատարան, իսկ հուլիսի 23-ին «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանները հայտարարեցին, թե արբիտրաժային դատարանում իրենք հաղթել են ՀՀ կառավարությանը։ ՀՀ կառավարությունն իր հերթին հայտարարեց, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:

Հայերեն Русский

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար