Կրթություն

Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում լիցենզավորումը կկատարվի նոր կարգով

4 րոպեի ընթերցում

Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում լիցենզավորումը կկատարվի նոր կարգով

Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում լիցենզավորումը կկատարվի նոր կարգով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, կառավարության հուլիսի 24-ի նիստում ներկայացնելով քոլեջների լիցենզավորման կարգում փոփոխությունների մասին որոշման նախագիծը, նշեց, որ այն կրթական ոլորտում բարեփոխումների հերթական քայլն է։ 

Նրա խոսքով՝ լիցենզավորման կարգի փոփոխությունները  բխում են նախորդ տարի հաստատված՝ մասնագիտական կրթության և ուսուցման նոր օրենքի տրամաբանությունից։

«Այդ տրամաբանությունն ուղղված է բարձրացնելու մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի արդյունավետությունը, ավելի արդյունավետ կապակցելու կրթությունը տնտեսությանը և հանրային զարգացմանը, ինչպես նաև ընձեռելու անհրաժեշտ ճկունություն մասնավոր ոլորտի հետ համագործակցության ու աշխատանքի վրա հիմնված ուսումնառության համար։ Այս ամենն արտահայտվում է նաև լիցենզավորման չափանիշներում, և օրենքով մի շարք կարևոր փոփոխություններ են արվում քոլեջների լիցենզավորման գործընթացում»,-պարզաբանեց Անդրեասյանը։

Նրա ներկայացմամբ՝  առաջին փոփոխությունը վերաբերում է լիցենզավորման ձևերի տարբերակմանը։ Մասնավորապես՝ նախկինում նույն լիցենզիայով թե՛ գործունեության թույլտվություն էր շնորհվում, թե այն գործում էր որակավորման ծրագրի համար, ինչը հնարավոր չէր դարձնում անհրաժեշտ ճկունություն ունենալ ու որակավորման լիցենզիայի շնորհումը դիտել որպես բովանդակային գործընթաց։ 

«Օրենսդրական փոփոխությունից հետո լիցենզավորման կարգում արդեն տարբերակվում են երկու տիպի լիցենզիաներ։ Մեկը թույլ կտա գործունեության հնարավորություն ստանալ, որի դեպքում կդիտարկվեն այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսիք են շենքային պայմանները, անհրաժեշտ ենթակառուցվածքները,այսինքն՝ որպես ուսումնական հաստատություն գործելու նախապայմանները։

Երկրորդ լիցենզիան կգործի կոնկրետ որակավորման, ծրագրի համար։ Այստեղ շատ ավելի բովանդակային կդիտարկվեն անհրաժեշտ դասախոսական կազմի առկայությունը, կոնկրետ որակավորմամբ կրթական ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ պայմանների առկայությունը։ Սա թույլ կտա ավելի արդյունավետ ու թիրախային գործունեություն իրականացնել»,-մանրամասնեց նախարարը։

Անդրեասյանը կարևորեց լիցենզավորման կարգի այն փոփոխությունները, որոնք ուղղված են մասնավորի հետ համագործակցությանը։ Մասնավորապես, լիցենզավորման կարգում առանձին կարգավորումներ են դրվում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության պայմանների չափանիշներում, ինչպես նաև կարևորվում է հիմնական աշխատակազմի համամասնության նվազեցումը մինչև 30 տոկոս, ինչը հնարավորություն կտա, որպեսզի քոլեջները շատ ավելի ակտիվորեն  ներգրավեն մասնավոր ոլորտում աշխատող մասնագետներին, որոնք ունեն գործնական գիտելիք ու հմտություններ։

Ըստ նախարարի՝ գործող կարգով նաև հստակեցված չէին ուսումնաարտադրական, լսարանային, լաբորատոր տարածքների համապատասխանության պայմանները։

Փոփոխությունները անհրաժեշտ հստակեցումներ են նախատեսում նաև այս ուղղությամբ։

Բացի այդ՝ լիցենզավորման կարգի փոփոխություններով ոլորտում օգտագործվող ձևակերպումները համապատասխանեցվում են կրթության միջազգային դասակարգիչներին։

Ըստ այդմ՝  նախնական մասնագիտական արհեստագործական կրթական ծրագրերի փոխարեն կօգտագործվեն մասնագիտական առաջին մակարդակ, իսկ միջին մասնագիտականի փոխարեն՝ մասնագիտական կրթության երկրորդ մակարդակ եզրույթները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում