Քանագեղ հնավայրի գաղտնիքները

18 րոպեի ընթերցում

Քանագեղ հնավայրը տարածվում է Սևանա լճի արևմտյան ափին, Սևան-Գավառ-Մարտունի մայրուղու արևելյան ու արևմտյան կողմերում, Գավառ քաղաքից մոտ 12 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Գեղարքունիք և Կարմիրգյուղ բնակավայրերի վարչական տարածքների սահմանաբաժանի վրա։ 

Դժվար է հստակեցնել, թե ժամանակին որքան տարածք է զբաղեցել այս հնավայրը, քանի որ 1980-ական թվականներին այստեղ կառուցված Գավառ-Մարտունի ավտոմայրուղին երկու մասի է բաժանել այն, ինչից էլ առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ Քանագեղ ամրոց-բնակատեղիի  սահմանները գտնվում են միայն մայրուղու արևելյան կողմում, Սևանա լճի ափամերձ հատվածում։ Մինչդեռ  ուշագրավ զննությունը  բերում է  այն համոզման, որ Քանագեղը, սկսվելով Սևանա լճի արևմտյան ափի միջնամասում գնվող հրվանդանից,  տարածվել է դեպի արևմուտք հարյուրավոր, գուցեև հազարավոր մետրերով՝ իր մեջ ներառելով հնագույն դամբարաններ, կիկլոպյան ամրոցի, միջնադարյան գյուղատեղիի մնացորդներ, մատուռ ու եկեղեցի,  բարձրարվեստ խաչքարեր ու տապանաքարեր և գրեթե մեկ դար առաջ կառուցված  անասնագոմեր։

Որոշ պատմաբանների ու հնագետների կարծիքով՝ այս տարածքը ժամանակին գտնվել է Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող Վելիքուխի և Տուլիխու երկրների սահմանագծին։ Նրանից հյուսիս, ոչ շատ հեռու, տարածվում են Ղումլուղի ամրոցն ու դամբարանադաշտը, Արծվաթռիչ մատուռը,  Ագարակ միջնադարյան գյուղատեղին, Սալոյի վանքը, իսկ դեպի հարավ-արևմուտք՝ Ցամաք ավերակ կոչվող գյուղատեղին և Սուրբ Գևորգ մատուռը։ Պատմամշակութային նույն միջավայրում է գտնվում նաև շուրջ 10 կմ դեպի արևմուտք տեղակայված Մրթբի ձոր հնավայրը՝ իր կիկլոպյան ամրոցով ու հնագույն, ընդարձակ դամբարանադաշտով։ Հենց Քանագեղի արևմտյան կողմում, մոտ 2 կիլոմետր հեռավորությամբ էլ վերջերս հնասեր Թաթուլ Տոնոյանը հայտնաբերեց ցլակերպ վիշապաքար, ինչը փաստում է այն մասին, որ այս հնավայրը բնակեցված է եղել մեզանից շուրջ չորս-հինգ հազարամյակ առաջ։ 

Գավառ քաղաքից արևելք տարածված հնավայրերի այս խիտ ցանցը պարզորոշ հուշում է, որ Սևանա լճին մոտիկ գտնվող այս սարահարթը միշտ եղել է խիտ բնակեցված, ինչի համար կարևոր նախապայմաններ են հանդիսացել ջրային միջավայրն ու կենդանական աշխարհը, ինչպես նաև՝ միջազգային ճանապարհների հանգույցում գտնվելը։  

Քանագեղի բրոնզեդարյան-երկաթեդարյան ամրոցի մասին արժեքավոր տեղեկություն է թողել  հայտնի հնագետ Գեդեոն Միքայելյանը՝ «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները» պատմագիտական ուսումնասիրության մեջ․ «Քանագեղի ամրոց-շենը գտնվում է Կամո քաղաքից հարավ, 12 կիլոմետր հեռավորությամբ, ուր կա մի միջնադարյան ավերված գյուղատեղի, որն այժմ Կարմիրգյուղի կոլտնտեսությունն օգտագործում է որպես անասունների ձմեռանոց։ Այս վայրը, ուր գտնվում է միջնադարյան գյուղատեղին, մի ընդարձակ հրվանդան է, շուրջ 30 հեկտար տարածությամբ, փոքր անհարթություններով, 3 կողմից շրջապատված Սևանի ջրերով։ 

Այս միջնադարյան գյուղի ավերակների տակ թաքնված են ավելի վաղ շրջանի՝ կիկլոպյան ամրոցի հետքեր։ Կիկլոպյան պարիսպների հետքեր երևում են ամրոց-շենի հյուսիսարևմտյան կողմից, այնուհետ դրանք ձգվում են դեպի արևմուտք ու ապա հարավ՝ մոտ 900 մետր ընդհանուր երկարությամբ։ Ամրոց-շենի մնացած մասերը պարսպապատված չեն, քանի որ այդ մասերը խիստ քարքարոտ ու զառիթափ են։ Այդ տարածությունում եղած երեք փոքր ձորակներն էլ, որ կարող էին դեպի ամրոց հեշտ ներխուժման մատույցներ ծառայել, ափից ափ փակված են եռաշարք պարիսպներով։

Պարիսպների արտաքին կողմից նկատելի են յոթ տարբեր ձևի ու մեծության աշտարակների մնացորդներ։ Նրանցից չորսը կիսաշրջանի ձև ունեն, հավանաբար ուշ շրջանում վերակառուցված, իսկ երեքը քառակուսի են՝ նման մյուս կիկլոպյան ամրոցների աշտարակներին։ Ճանապարհը, որը մտնում է ամրոց-շենը, արևմուտքից է և երկու կողմից պարսպապատված մոտենում է միջնաբերդին, որը, համեմատած մյուս միջնաբերդերի հետ, շատ փոքր է՝ ավելի նման բարձրադիր կետում զետեղված մի առանձին տան կամ շինության, քան թե միջնաբերդի։ Ամրոց-շենի հյուսիսարևմտյան մասում պահպանվել են կիկլոպյան տիպի կացարանների պատեր։ Այստեղ հետախուզական մի խրամատով պեղումներ կատարեցինք, որոնք առանձին արդյունքների չհանգեցրին, բացի խեցեղենի մանր բեկորներ ու ընտանի թռչունների ոսկորներ գտնելուց։ 

Ամրոց-շենի պահակետը գտնվում է երկու կիլոմետր դեպի հարավ, մի ժայռաբլուրի վրա և իրենից ներկայացնում է մի փոքր ամրոց։ Իր մեծությամբ ու տեղադրմամբ սա ոչ այլ ինչ է, քան վերը նկարագրված ամրոց -շենից դուրս բերված մի պահակետ։

Ամրոցի ներսում չի նկատվում որևէ կացարանի հետք։ Հավանորեն, այս պահակետում բնակչություն կամ զորախումբ չի եղել։ Բնակարանների հետքեր երևում են ամրոցի շուրջը»,-գրում է Գեդեոն Միքայելյանը։ 

Ամրոցի հյուսիսային ու հյուսիսարևելյան կողմերում, բնական ժայռերի խոռոչներում կա երկու քարանձավ, որոնք, հավանաբար, քարայր-կացարաններ են ծառայել։ Չի բացառվում նաև, որ դրանք ժամանակին  օգտագործված լինեն որպես գաղտնուղիներ։  Երեք քարայր-կացարաններ էլ, շատ ավելի մեծ չափերի ու մուտքերում քարերի շարվածքներով, գտնվում են Քանագեղ հնավայրից մոտ կես կիլոմետր հեռավորությամբ, հյուսիսարևմտյան թևում, հանդիպակաց լեռնալանջի ստորոտին։  Իսկ այդ քարայրների  բարձունքի սարահարթի վրա նկատվում են պարիսպների հետքեր։ 

Ավելորդ չէ նկատել ու նշել, որ Քանագեղից մոտ 1-1,5  կիլոմետր դեպի հյուսիս, Մարտունի-Գավառ-Սևան ավտոմայրուղու արևմտյան կողմում, բարձրաբերձ ժայռերի գետնամերձ խոռոչներում ժամանակին եղել են շատ ավելի մեծ քարայր-կացարաններ, որոնք մինչև նախորդ դարի կեսերը Կարմիրգյուղի անասնապահական տնտեսությունների կողմից օգտագործվել են որպես անասունների ամառային պատսպարման վայրեր։ Պարզ է, որ այդ քարայր-կացարաններն այստեղ բնակվող մարդկանց կողմից օգտագործվել են դեռևս անհիշելի ժամանակներից։ Քանագեղ ամրոցի ու նրա վրա տարածվող միջնադարյան գյուղատեղիի ավերակների հարևանությամբ, դեպի հարավ-արևմուտք, տարածվում են խոշոր չափերի, շրջանաձև շարված ու մեծ սալաքարերով ծածկված հնագույն դամբարանները, որոնց թիվը գերազանցում է երեք տասնյակը։ Այստեղ  հնագիտական պեղումներ են իրականացվել անվանի հնագետ, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորած արշավախմբերի  կողմից, որոնց արդյունքում հսկայական ու հավաստի տեղեկություններ են ստացվել այս հնավայրի պատմության ու բնակիչների կենսագործունեության մասին։ 

Աշոտ Փիլիպոսյանի վկայությամբ՝ մինչ այժմ իր ղեկավարած հնագիտական արշավախումբը պեղել է 11 դամբարան, իսկ ահա պեղումների ծրագրում դեռևս մնում է շուրջ 20 դամբարան, որոնց բացմամբ կբացահայտվեն շատ ավելի հարուստ ու արժեքավոր հնագիտական գաղտնիքներ։

«Քանագեղի դամբարանադաշտում պեղումները սկսվել են անցած դարի 80-ական թվականներին, երբ Վարդենիս-Մարտունի-Երևան ավտոճանապարհի կառուցման պատճառով այստեղ վնասվել էին մի շարք հնագույն դամբարաններ։ Առհասարակ, դրանց թիվը հասնում է 31-ի, որոնցից առ այսօր պեղվել են 11-ը։ Պեղումներն ի հայտ են բերել հետաքրքիր ու պատմահնագիտական առումով բացառիկ արժեք ներկայացնող նյութեր, որոնք գաղափար են տալիս Սևանի ավազանում Քրիստոսից առաջ 16-7-րդ դարերում բնակված մարդկանց կենցաղի, հավատալիքների, զբաղմունքի, թողած մշակութային արժեքների, սովորույթների, մարդաբանական տիպի, այլ իրողությունների մասին։ Հայտնաբերվել են մարդկային տասնյակ կմախքներ, որոնց հիմնական մասը պահպանվել են լավ վիճակում: Պեղվել են պերճանքի առարկաներ, ընտանի կենդանիների ոսկորներ, խեցեգործական իրեր, ուլունքներ, բրոնզե ապարանջաններ, մատանիներ, գլանաձև իշխանական կնիք, թռչունների բրոնզե սնամեջ արձանիկներ, ճակատակալներ և այլ իրեր։

Վերջին երեք տարվա ընթացքում մենք պեղել ու ուսումնասիրել ենք երկու դամբարան, որտեղ հայտնաբերել ենք պարսիցծոցյան ծովախեցիներից պատրաստված պերճանքի առարկաներ։ Սա նշանակում է, որ մեր հեռավոր նախնիները դեռևս մեզանից ավելի քան 3500 տարի առաջ առևտրատնտեսական ու մշակութային կապեր են ունեցել Պարսից ծոցի երկրների հետ։ Գտել ենք նաև բրոնզե զարդեր պատրաստող կաղապար, որով հնարավոր է կանացի 7 տեսակ զարդ պատրաստել։ Սա էլ իր հերթին ապացուցում է, որ բացի անասնապահությունից և երկրագործությունից, տեղի բնակչությունը տիրապետել է արհեստներին, ինչպես նաև՝ կիրառական արվեստի ճյուղերին։ Անցած ամռանը բացված 10-րդ դամբարանի երկու խցերում, միասին վերցրած, հաշվել ենք 33 մարդկային կմախք՝ հիմնականում բոլորն էլ լավ պահպանված։ Թիվ 11 դամբարանից, որը բացվել է անցած տարում, հայտնաբերել ենք մարդկային ոսկորներ, կաշվե և բրոնզե իրերի մնացորդներ։ Թեև դամբարանի նյութն աղքատիկ է, սակայն այն ունի ամուր ու հրաշալի պահպանված շրջանաձև շարվածք, երեք մեծ սալերով ծածկված դամբանախուց։ Դամբարանը գտնվում է դամբարանադաշտի ամենաբարձր դիրքում, արևմտյան կողմի ժայռամերձ հատվածում։ Կարևորն այն է, որ այս դմբարանն ամենահինն է և վերաբերում է Ք․Ա․ 16-15-րդ դարերին: Հույս ունենք, որ մոտակա տարիներին ևս այս հնավայրում պեղումները կշարունակվեն»,-ներկայացրեց Աշոտ Փիլիպոսյանը։ 

2002 թվականին դամբարաններից մեկի բացման աշխատանքները շարունակվում էին։ Եվ այն, ինչ դուրս բերվեց Ք․Ա․ 17-րդ դարում կառուցված  դամբարանից, պարզապես աներևակայելի էր ու տպավորիչ։  Դամբարանի մի խցից դուրս բերվեց մեծատոհմիկ մի կնոջ կմախք, որը, բառիս բուն իմաստով, թաղված էր անհամար զարդերի մեջ․ նրա պարանոցն ու դաստակները զարդարում էին   բրոնզե ապարանջաններ,  մատներին՝ բրոնզե մատանիներ։ Այդ զարդերը պատրաստված էին մեծ վարպետությամբ, ինչը պարզորոշ փաստում է, որ Վանի թագավորության (Ուրարտու)՝ Սևանա լճի ավազան մուտք գործելուց շուրջ 700 տարի  առաջ մեր հեռավոր նախնիները տիրապետել են թե՛ կիրառական արվեստին, թե՛ մետաղագործությանն ու այլ արհեստների։ Նույն դամբարանում էլ հայտնաբերվեց նաև Միտտանի թագավորության իշխանական կնիքը, ինչն իր հերթին փաստում է այստեղ գոյություն ունեցած վաղպետական կազմավորման, քաղաքական ու առևտրական հարաբերությունների մասին։ Նույն դամբարանի մեկ այլ խցից էլ դուրս բերվեցին կնոջ ու մանկահասակ երեխայի մասունքներ։ Երեխան մոր գրկում դրվել էր ճիշտ այն դիրքում, ինչ դիրքում որ մինչ լույս աշխարհ գալը մարդ արարածը  գտնվում է արգանդում։ Դամբարանից դուրս բերված մարդկային ոսկորների չափից էլ կարելի էր դատել, որ այստեղ բնակվող բրոնզեդարյան մարդիկ ունեցել են բարձր հասակ։  

Հայտի ազգագրագետ ու հնագետ Երվանդ Լալայանը Քանագեղ հնավայրի միջնադարյան գյուղատեղին կոչել է Սուրբ Գևորգ՝ ի նկատի ունենալով այնտեղ կիսավեր վիճակում պահպանված եկեղեցին։ «Երրորդ գյուղատեղին կոչվում է Սուրբ Գևորգ, որովհետև այս անվամբ մի ավերակ եկեղեցի կա այստեղ։ Կան տնատեղեր և խաչարձաններ՝ առանց տապանագրերի»,-գրում է Լալայանը՝ սակայն սխալվելով, քանի որ մեկ այլ ականավոր հնագետ՝ Սեդրակ Բարխուդարյանը,  իր ժամանակին գտել ու ու ընթերցել է այդ տապանագրերի վրա պահպանված տեքստերը։ 

Ահա «Կարմիրգյուղի դոլակներ» կոչված վայրի գերեզմանոցում գտնվող տապանագրերի վերծանված տեքստերը․ «Խաչքար, մեծ ժայռաբեկորից, ընկած է գյուղատեղիի գերեզմանատան մեջ, ստորին մասում՝ 4 տող։ ՅԻՇԱՔ ՔՐԻՍՏՈՍ ԱՍՏՎԱԾ ԶՎԱՍԼԻՆ ՀՈԳԻՆ  ԶԳԵՐԳԱ։ Համարվում է 13-րդ դարի խաչքար»։  

«Խաչքար, մեծ եւ գեղաքանդակ, կանգնած է երեք շարքից կազմված անմշակ քարերի պատվանդանի վրա՝ ավերակ մատուռի մոտ․ միայն ստորին մասում անարվեստ, գուցե հետագայում գրված 2 տող․ ԽԱՂԱԹԻՇՆ։ Համարում ենք 13-րդ դարի»։ 

«Խաչքար, ընկած նախորդի մոտ, ստորին մասում 2 տող․ «ԿԱՆԿՆԵՑԱՎ ԽԱՉՍ ԳՈՒՆԴՆ ՀՈԳՈՅ ՈՒ ՓՐԿՈՒԹԵ․ հավանաբար 15-րդ դարի»։ 

«Խաչքար, նախորդի մոտ, պատվանդանի վրա, ստորին մասում 3 տող․ ԿԱՆԿՆԵՑԱՎ ՅԱՆՈՒՆ ԱՅԼԱՀԴԱԴԱ ՀՈԳՈՅ ՓՐԿՈՒԹԻՒՆ․ հավանաբար 15-րդ դար»։

«Խաչքար, մեծ ժայռաբեկորից, կանգնած է սուրբ Խաչ ավերակ մատուռի գավթի պատի տակ․ ստորին մասում 6 տող․ ԵՍ ՊԱՂԱՆՈՍ ԷՐԵՑՍ ԿԱՆԿՆԵՑԻ ԶԽԱՉՍ ՀԱՒՐ ԻՄՈՅ ԳՈՐԳ ԻՐԻՑՈՒ․ ՅԻՇԵՑԵՔ ՔՐԻՍՏՈՍ․ Հավանաբար՝ 15-րդ դար»։

«Տապանաքար, գտնվում է Ս․ Խաչ մատուռի հետեւը, նոր գերեզմանատան մեջ, երեսին 2 տող․ «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ՀՌՈՄԻՆ․ԹՎ․ ՌՃԼԷ/1688/»։  

Սուրբ Գևորգ բազիկիկ եկեղեցին համարվում է 13-14-րդ դարերի կառույց, սակայն կա կարծիք, որ այն ավելի հին կառույցի մասեր ունի և վերականգնվել կամ վերակառուցվել է 10-17-րդ դարերում։ Մուտքը հարավային կողմից է, ծածկը և սյուները փայտից են, սակայն մի սյան տակ տեղադրված քարե խարիսխը պարզորոշ հուշում է, որ ժամանակին այս կառույցը կամ նրան  մոտիկ գտնվող կառույցներն ունեցել են քարե սյուներ ու այլ ոճի ճարտարապետություն։  

Եկեղեցին ծածկված է ժամանակակից ազբեստյա թիթեղով, իր խարխուլ, անշուք պատերով գրեթե զուրկ է ճարտարապետությունից, սակայն աչքի է ընկնում պատերի կամ խորանի մեջ ագուցված գեղաքանդակ  խաչքարերով, որոնք առանձնակի շուք են տալիս հուշարձանին, մանավանդ՝ եկեղեցու մուտքի խաչքարը՝ խաղողի վազերի ու հավերժության նշանի կերտվածքով։  Սուրբ Գևորգ եկեղեցին ունի նաև գավիթ ու կից մատուռ՝ գեղաքանդակ խաչքարերով ու տապանաքարերով։ 

Հարյուրին մոտ տապանաքարեր ու խաչքարեր կան նաև Սուրբ Խաչ մատուռի շրջակայքում: Դրանք ապշեցնում են իրենց կերտվածքի վարպետությամբ, քանդակների շքեղությամբ, չափսերի մեծությամբ և նախշագոտիների բազմազանությամբ։ Տապանաքարերի վրա պատկերված կենցաղային տեսարանները ևս պատկերավոր են ու խորհրդավոր՝ լեցուն միաժամանակ կյանքով ու աստվածավախությամբ՝ աշխարհիկի ու հոգևորի կենսափիլիսոփայության մեկտեղմամբ։  

Հենց Սուրբ Խաչ մատուռի շրջակայքն է այժմյան Քանագեղի ամենաերևելի, ամենագրավիչ տարածքը, ուր առավել ցայտուն է ընդգծված հայ քարագործ-քանդակագործ վարպետների մտքի խորաթափանցությունը, անմրցելի, անկրկնելի արվեստի հարատևությունը։ Զարմացնողն այն է, որ այստեղ տեղադրված բազմաթիվ տձև քարերին անգամ  քարագործ վարպետները տվել են չափազանաց շռայլ գեղեցկություն ու երևելի տեսք՝ պատված հոյակերտ նախշերով ու քանդակներով

Մի տեսակ դժվար է պատկերացնել, որ վաղուց արդեն համաշխարհային հռչակ ձեռք բերած Նորատուսի բազմատեսակ, բարձրարվեստ  խաչքարերը դիտելուց հետո մարդկային աչքը զմայլվի այլ խաչքարերի  քանդակներով, սակայն Քանագեղի Սուրբ Խաչ մատուռի շրջակայքի խաչքար-տապանաքարերը, որոնք Նորատուսից գտնվում են մի քանի կիլոմետր հեռավորությամբ, կրկին բաց երկնքի տակ գտնվող թանգարանի հռչակ ձեռք բերելու հավակնություն ունեն։ Այստեղ կերտված խաչքար-տապանաքարերը մի քանի դարի պատմություն ունեն՝ սկսվելով 9-րդ դարից ու ավարտվելով 18-րդ դարում։ Բնական է, որ քարագործ վարպետները Նորատուսում, Քանագեղում, նաև Գեղամա աշխարհի բոլոր անկյուններում սերնդեսերունդ իրար են փոխանցել ու հարստացրել խաչքարագործության արվեստը՝ քարերի վրա թողնելով հայկականության հավերժական կնիքը։ 

Սուրբ Խաչ կիսավեր մատուռը վերանորոգվել է 2000 թվականին, Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի բնակիչ Պարգև Ջրաղացպանյանի միջոցներով։ Այստեղ հաճախակի են այցելում ուխտավորներ Գեղարքունիքի մարզի ամենատարբեր բնակավայրերից։     

Գավառ-Մարտունի մայրուղու վրա անասնահոտերի անցման նպատակով կառուցված կամուրջի հյուսիսային կողմում, ուղիղ բարձունքի ծայրին նկատելի են մի քանի տապանաքարեր, որոնցից մեկը պատկերազարդ է՝ հավերժության նշանով։ Սրանից արդեն կարելի է եզրակացնել, որ ճանապարհի շինարարության ժամանակ տակնուվրա է արվել նաև այստեղ գտնվող պատմական գերեզմանոցը, որի արևմտյան հատվածն արդեն կտրվել է արևելյան կողմից։ Հենց կամրջի դիմաց, դեպի արևմուտք, նկատվում է լայն պարիսպը, որը ձգվում է մի քանի հարյուր մետր։  Քանագեղն, այո, նաև անգնահատելի սրբավայր է, քանի որ այն իր  վրա կրում է մեր ժողովրդի հազարամյակների երթի ու պատմության անջնջելի կնիքը։  

Հայերեն

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով

Գերմանիայի դեսպանը մեկ տասնյակից ավելի ձյունագնացներ է փոխանցել ՀՀ Պաշտպանության նախարարությանը

Հունիսի 18-ի միջոցառումների անոնս

Վարչապետը հրավերի դեպքում կմասնակցի Բաքվում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Ընտրակաշառքով պատերազմի սպառնալիք են ստեղծել․ վարչապետը՝ ընդդիմության մասին

ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հրավերով Հայաստանում վարպետության դաս անցկացրեցին անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացները

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը