Աշխարհ

Ճապոնիան Հյուսիսային Կորեան լուրջ սպառնալիք է համարում երկրի անվտանգության համար

2 րոպեի ընթերցում

Ճապոնիան Հյուսիսային Կորեան լուրջ սպառնալիք է համարում երկրի անվտանգության համար

Հյուսիսային Կորեայի ռազմական գործունեությունն առաջվա պես առաջացնում է Տոկիոյի լուրջ մտահոգությունները. Ճապոնիայում կարծում են, որ Փհենյանը երկրին միջուկային հարված հասցնելու հնարավորություն ունի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին վկայում է Ճապոնիայի պաշտպանության նախարարության 2026 թվականի «Պաշտպանության սպիտակ գիրքը» ամենամյա զեկույցը։

«Հյուսիսային Կորեայի ռազմական գործունեությունը Ճապոնիայի ազգային անվտանգության համար ավելի լուրջ և անմիջական սպառնալիք է, քան երբևէ նախկինում», - ասվում է զեկույցում։

Նշվում է, որ ԿԺԴՀ-ի գործողությունները լրջորեն խաթարում են «տարածաշրջանի և միջազգային հանրության խաղաղությունն ու անվտանգությունը»։

«Հյուսիսային Կորեան իրականացրել է միջուկային վեց փորձարկում և, ինչպես ենթադրվում է, ունի տեխնոլոգիական հնարավորություններ՝ իր բալիստիկ հրթիռների վրա միջուկային մարտագլխիկ տեղադրելու համար։ Այդ հրթիռների հեռահարությունը ներառում է Ճապոնական կղզեխումբը և հնարավորություն է տալիս հարված հասցնել Ճապոնիային», - հայտարարել են Ճապոնիայի պաշտպանության նախարարությունում։

Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Փհենյանը շարունակում է չափազանց արագ տեմպերով մշակել բալիստիկ և գերձայնային հրթիռներ, ինչպես նաև ձգտում է շահագործման հանձնել մեծ հեռահարության թևավոր հրթիռներ, որոնք նախատեսված են միջուկային մարտագլխիկներ կրելու համար։

Բացի այդ, Տոկիոյին անհանգստացնում է ԿԺԴՀ-ի համագործակցությունը Ռուսաստանի հետ։

«Կա վտանգ, որ Հյուսիսային Կորեայի զինված ուժերը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կարող են հզորացվել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության հաշվին, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում Ճապոնիային շրջապատող տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից», - նշել են Ճապոնիայի պաշտպանության նախարարությունում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում