Կառավարությունը շուրջ 3.4 մլրդ դրամ կհատկացնի դպրոցների, մանկապարտեզների և կրթահամալիրների կառուցմանը

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը հաստատեց շուրջ 3 մլրդ 408 մլն դրամի վերաբաշխման նախագիծ՝ ուղղված 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերանորոգման ու գույքային համալրման ծրագրի իրականացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ գումարը նախատեսվում է ուղղել նաև դպրոցների արագ արձագանքման ֆոնդի համալրմանը, ինչպես նաև արհեստական բանականության ուսուցման ծրագիր իրականացնող հաստատությունների նյութատեխնիկական հագեցմանն ու ավագ դպրոցների վերակառուցմանը։

Նախագծով 2 մլրդ դրամ կուղղվի դպրոցների և կրթահամալիրների շինարարությանը՝ 1.3 մլրդ դրամ՝ դպրոցների, 700 մլն դրամ՝ կրթահամալիրների կառուցմանն ու ավարտական փուլում գտնվող շինաշխատանքներին, 545 մլն դրամ կուղղվի վարկային փոխառության փոխարժեքային տատանումների սպասարկմանը։ Այդ միջոցներով ֆինանսավորվում են Երևանի, Արտաշատի, Աշտարակի և Վանաձորի չորս ավագ դպրոցների վերակառուցման աշխատանքները, ինչպես նաև դպրոցների լաբորատոր հագեցվածությունը և նախակրթարանների հիմնումը։ 120.6 մլն դրամ կհատկացվի 61 մանկապարտեզի գույքի ձեռքբերման համար, որոնց շինարարությունն արդեն ավարտված է կամ ավարտվում է ընթացիկ տարում։ 40 մլն դրամ կուղղվի արագ արձագանքման ֆոնդի համալրմանը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի լուծել շուրջ 25 դպրոցում առաջացած հրատապ խնդիրներ, այդ թվում՝ հունիսին Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերում փոթորկի և կարկուտի հետևանքով վնասված շինությունների վերականգնումը։

Նախարար Անդրեասյանը ընդգծեց, որ որոշման նախագծով նախատեսված է աջակցել նաև արհեստական բանականության դպրոցական ծրագրի ընդլայնմանը, որը 2023 թվականից իրականացվում է Գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հետ։
Նախորդ տարի ծրագրում ընդգրկված էին 15 դպրոց յոթ մարզից, իսկ 2024-2025 ուսումնական տարում ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կընդլայնվի, և բոլոր մարզերում կիրականացվի ԱԲ ուսուցում։
42 դպրոց կդառնան քննական կենտրոններ, որտեղ կիրականացվեն ուսուցիչների ատեստավորման և այլ գործառույթներ՝ համապատասխան տեխնիկական վերազինմամբ։

Նախարարի խոսքով՝ միջոցները կհատկացվեն չբաշխված տողերով, քանի որ տարվա երրորդ եռամսյակում կդիտարկվի շինարարական գործընթացի կատարողականը՝ դրանք առավել ճշգրիտ ուղղությամբ բաշխելու նպատակով։ Կառավարության նախորդ որոշումներով նախատեսված կարգավորումները հնարավորություն են տալիս այս գործընթացին մոտենալ ավելի ճկուն և օպերատիվ կերպով։

«Սա մեզ թույլ կտա ընթացիկ կառավարման ավելի մեծ ճկունություն ունենալ՝ ապահովելով շինարարության սպասարկման արդյունավետություն», – ասաց Ժաննա Անդրեասյանը։

Հայերեն English

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան